Փարիզում Նորաձեւության շաբաթվա պատվին իր հանդերձանքն է փոխել նույնիսկ Էյֆելյան աշտարակը: Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը զարդարել են հատուկ լուսավորությամբ եւ հսկայական տառերով գրված կարգախոսով. «Նորաձեւությունը սիրում է Փարիզը»:
«Էյֆելյան աշտարակը մեծն լեդի է, Փարիզի խորհրդանիշը, ու սա մեր ուղերձն է աշխարհին: Փարիզը աջակցում է իր արարիչներին: Փարիզը աջակցում է նորաձեւությանը, այդ ֆանտաստիկ արդյունաբերությանը, որը մարմնավորում է մարդկանց երազանքները ու շատերին աշխատատեղ ապահովում Փարիզում, իսկ բուն Փարիզն էլ դարձնում նորաձեւության մայրաքաղաք»,- ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Փարիզում նորաձեւության արդյունաբերության մեջ ներգրավված է մոտավորապես 60 հազար մարդ: Այդ քաղաքը շատ հանրահայտ բրենդերի հայրենիքն է: Ընդ որում Փարիզը բացառիկ է նրանով, որ այստեղ լավ զարգացած է նորաձեւությանը ուղեկցող մանր ծառայությունների ոլորտը, ինչով առայժմ չի կարող հպարտանալ նույնիսկ Նյու Յորքը, հաղորդում է NTD TV-ն:
«Մեր օրերին բոլոր ճանապարհները առաջվա պես խաչվում են Փարիզում: Հենց Փարիզում են ավարտվում Նորաձեւության շաբաթվա ցիկլերը, ու մենք չգիտենք, թե ինչու: Կարծում եմ, որովհետեւ հենց այստեղ են խաչվում բոլոր ազդեցությունները՝ հյուսիսից, հարավից, արեւմուտքից, ու արեւելքից:»,- ասել է ֆրանսիացի ոճաբան Քրիստիան Լակրուան:
Փարիզյան Նորաձեւության շաբաթը վերջինն է համաշխարհային չորս գլխավոր շաբաթների ցանկում: Մյուս երեքն են նյույորքյան, լոնդոնյան ու միլանյան շաբաթները: Փարիզյան նորաձեւության շաբաթը մեկնարկել է երեքշաբթի ու կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Այդ ամբողջ ժամանակահատվածում իր հանդերձանքով կփայլի նաեւ Էյֆելյան աշտարակը:











