Աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՌԴ Կուրսկ քաղաքի պատվիրակությունն այսօր` հոկտեմբերի 2–ին, Շիրակի մարզային եւ Գյումրիի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է քաղաքում հայ-ռուսական բարեկամության կամարի բացմանը։

Գյումրու Բուլվարային թաղամասում կամարի կառուցումը կայացել է Կուրսկի մարզի  հայ համայնքի ղեկավար Ալեքսան Կոշտոյանի եւ նրա որդիների նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը:

Կուրսկի փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովայի խոսքով` Կուրսկի նահանգում ամենաուժեղն է, նահանգում մեծ թվով հայեր են ապրում եւ աշխատում։

«Պաշտոնական տվյալներով Կուրսկում 13 հազար հայ է աշխատում` ակտիվ գործունեություն ծավալելով ոչ միայն տնտեսության եւ գյուղատնեսության, մշակութային եւ կրթական բնագավառներում, այլեւ բարեգործության ոլորտներում»,– ասաց Լյուդմիլա Գրեբենկովան:

 

Կուրսկի պատվիրակությանն ընդունեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ապա նրանք հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, ստորագրվեց Գյումրի եւ Կուրսկ քաղաքների միջև համագործակցության մտադրության մասին արձանագրություն։