Հոկտեմբերի 5-ին, երբ նախատեսվում է, որ Ազգային ժողովում քվեարկության կդրվի նոր Սահմանադրության նախագիծը, ժամը բ12:00-ին «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հավաքվելու է Ազատության հրապարակում եւ երթով շարժվելու Բաղրամյան պողոտա՝ բողոքի ակցիա անցկացնելու Ազգային ժողովի դիմաց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին , մայրաքաղաքում առաջին հանրահավաքի ավարտին եւ երթի մեկնարկին ասացին նախաձեռնության անդամները՝ նշելով, որ դժվարությամբ, սակայն կարողացել են ստանալ քաղաքապետարանի թույլտվությունը: (ֆոտոռեպորտաժ)

Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի խոսքով՝ իրենց թիրախային խումբը սովորական քաղաքացիներն են, որոնց հետ իրենք հանդիպումներ են անցկացնելու, խաղաղ բնութի հանրահավաքներ: Բացի այդ՝ աշխատելու են նաեւ քաղաքական ուժերի, հասարարական խմբերի, միջազգային կառույցների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

Հանրահավաքին հաջորդեց երթը, որը նախապես հայտարարված երթուղիով կանցնի Երեւանի կենտրոնական փողոցներով եւ կավարտվի Ազատության հրապարակում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեեւ մայթերով կարող են քայլել երթի մասնակիցնեը, այնուամենայնիվ, երթի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտայի մի հատվածը: Նրանց ուղեկցող մի քանի 100 ոստիկանները, սակայն, չեն միջամտում:

Նշենք, որ «Չեք անցկացնի»-ին միացած քաղաքական ուժերի առաջնորդները հիմնականում Ազատության հրապարակում չեն. ՀԺԿ-ից ներկա է Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից` խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգությունից»` կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: