Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Instagram-ի իր պաշտոնական էջում Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններից տեսանյութ է հրապարակել, որում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն միմյանց ձեռք են սեղմում:
«Անգելա Մերկելի, Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկում ենք Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:
«Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա) առաջնորդների հանդիպումը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Փարիզում: Պետությունների ղեկավարների նախորդ հանդիպումն ավելի քան 14 ժամ էր տեւել:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ երկու երկրների ղեկավարների նախորդ ձեռքսեղմումը լրագրողները նկարահանել էին փետրվարի 11-ին, Մինսկում կայացած «քառյակի» նիստի ժամանակ: Այն ժամանակ հաղորդվում էր, որ Պուտինն ու Պորոշենկոն բանակցությունների մեկնարկից առաջ միմյանց ձեռք են սեղմել եւ մի քանի արտահայտություն փոխանակել:











