Ոստիկանությունը ազատ է արձակել այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովի դիմաց սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին:

Նրանցից 7-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասով (Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով):

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, որը նույնպես բերման ենթարկվածների թվում էր, լրագրողներին ասել է, որ ակտիվիստները դատարան են դիմելու՝ բողոքարկելով ոստիկանության գործողությունները: Նա տեղեկացրել է, որ «Ոչ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա  հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում: Մինչեւ այդ նախաձեռնությունը հանդիպումներ եւ իրազեկման ակցիաներ կանցկացնի ինչպես Երեւանում, այնպես էլ մյուս մարզերում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը՝ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների միջեւ: Ոստիկանները թույլ չէին տվել Ազգային ժողովի ճաղավանդակ- պարսպին ամրացնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը: Սկսվել էր քաշքշուք, ոստիկանները բերման էին ենթարկել 17 մարդու:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 104 կողմ եւ 10 դեմ ձայներով ընդունել է «ՀՀ սահմանադրության փոփությունների նախագիծը հանրաքվեի դնելու համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Առաջիկա երկու օրերի ընթացքում այն կուղարկվի նախագահի հաստատմանը: Փոփոխությունների փաթեթը հավանության արժանացնելուց հետո նախագահը կնշանակի հանրաքվեի օր՝ նախագահի հրամանագրից հետո՝ 55-ից 65 օրվա ընթացքում: