Երեւանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչների մի մասը շենքի՝ վթարային ճանաչվելուց եւ քանդվելուց հետո արդեն երկու տարի է՝ սպասում են բնակարանի։ Շենքի 53 ընտանիքներից 24-ը մինչեւ այժմ վարձով կամ Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող՝ երկրորդ կարգի վթարային՝ սպորտդահլիճի շենքում են ապրում:
«2008թ. շենքը ճանաչվեց 4-րդ կարգի վթարային, հանձնաժողով ստեղծվեց քաղաքապետարանի կողմից, կատարեց համապատասխան գույքագրում, 53 ընտանիք ընդգրկվեց ցուցակում՝ բնակարան ստանալու համար, բայց մինչեւ հիմա 24-ը չի ստացել»,- NEWS.am-ին ասաց «Դողագործ» ՓԲԸ գործարանի արհմիության նախագահ Հարություն Հարոյանը, որը ներկայացավ որպես Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչ։
Բնակիչները նախորդ տարի գրությամբ դիմել են քաղաքապետարանին, պատասխան են ստացել, որ այդ շենքի ընտանիքիների վերաբնակեցման աշխատանքները կատարվել են մասնակի՝ փուլային լուծմամբ, եւ որ քաղաքապետարանն այդ պահին իր տրամադրության տակ չունի նպատակային բնակելի ֆոնդ, եւ հարցի քննարկմանը կարող է անդրադառնալ 2015թ. ընթացում՝ համապատասխան բնակելի ֆոնդի առկայության պարագայում:
«Քանդման պահից սկսած դիմել ենք, որ հավաստագիր տային, չտվեցին, նման գրությամբ էլ ուղղակի փորձում էին համոզել, թե բնակարանները կտրամադրվեն»,- ասաց Հարություն Հարոյանը:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին վստահեցրին, որ մինչեւ այս տարվա վերջ բոլոր քաղաքացիները, որոնք գրացված են շենքերում, որոնք մինչեւ 2014թ. ճանաչվել են քանդման ենթակա կամ քանդվել են, կվերաբնակեցվեն: Հարցին՝ ինչու մինչեւ հիմա հիմա բնակիչները չեն ստացել բնակարաններ, պատասխանեցին, որ գործընթացը դեռ ընթացքի մեջ է:
Նշենք, որ մինչ բնակիչներն իրենց բնակարաններին են սպասում, քաղաքապետարանը նրանց ասում է`բնակֆոնդ չկա, իսկ ինքը բնակարաններ է նվիրում արվեստագետներին։
Հոկտեմբերի 8-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին բնակարան նվիրելու հարցը:











