Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիշատակի պուրակում այսօր՝ հոկտեմբերի 14-ին ծառեր տնկվեցին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորի հիշատակին: Ծառերը տնկեցին դեսպանատան աշխատակիցները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւ համայնքապետը (ֆոտոռեպորտաժ):
«Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են: Դեսպան Գլիմորն այն մարդն էր, որն այդ հարաբերությունների մեկնարկը տվեց: Այս ծառերը կաճեն, խորը արմատներ կգցեն եւ կմարմնավորեն մեր երկու երկրների ջերմ կապերը»,- ծառատունկի միջոցառմանն ասաց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսը:
Նշենք, որ դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: Նա մահացել է 2015թ. 77 տարեկան հասակում:











