Աշտարակ քաղաքի բնակիչ, 42-ամյա Հակոբ Հարությունյանը, որի 4 ամսական որդու դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր տնամերձ հողատարածքում, տարիներ առաջ բոլորին հավատացրել է, թե երեխայի դին թաղել է նրանից կարճ ժամանակ հետո մահացած իր մոր դիակի հետ: Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ վերջերս են իմացել, որ երեխան թաղված է Հարությունյանների կիսակառույց գետնափոր տան հարակից հողատարածքում:
«7 տարի առաջ, երբ երեխան մահացավ, հայրը՝ Հակոբը, մեզ ասեց, որ թաղել են տան մոտ: Մենք էլ ասեցինք՝ խոլերայի բուն է, բացի այդ, դու օրենքով նման իրավունք չունես: Դրանից որոշ ժամանակ անց Հակոբի մայրը մահացավ, փաթաթել էր մորը, մի քանի օր պահել տանը, որ թոշակը ստանա, պարտքերը կարողանա փակի: Հետո, երբ մորը թաղեցին, ասեց՝ երեխուն դրել, մորս հետ թաղել եմ: Իսկ էս վերջերս հարեւանի տանը քեֆ է լինում, «Իմ բալա» անունով երգ են միացրած լինում, երեխայի մայրը՝ Անժելան դա լսում է, գալիս, բացում է գերեզմանը, երեխայի վրա լացում է ու տենց բացահայտվում է»,- պատմեց հարեւաններից Արմինե Աղաբաբյանը:
Անժելան Հակոբի առաջինն կինն է, նրա 5 երեխաներից երկուսի մայրը: Հակոբը մի քանի տարի Անժելայի հետ ամուսնացած է եղել, երբ տուն է բերել երկրորդ կնոջը՝ Արմինեին: Հարեւանուհու խոսքով՝ Անժելան գնալու տեղ չի ունեցել, մի հարկի տակ ապրել է Հակոբի, նրա երկրորդ կնոջ, իր երկու եւ Հակոբի մյուս երեք երեխաների հետ որպես նրա գործընկերուհի:
«Իրենք օգտագործած հագուստ, իրեր էին բերում, վաճառում: Չգիտեմ՝ որտեղից գտնում էին, բերում, էժան գնով վաճառում: Մենք էլ առնում էինք իրենցից: Այդ կերպ երեխաներին պահում էին, սոված չէին մնում, նրանցից մեկին անգամ դպրոց էին ճանապարհում»,- ասաց հարեւանուհին:
8 հոգանոց ընտանիքն ապրում է գետնափոր կիսակառույց շինությունում արդեն 10 տարուց ավելի: Ընտանիքի ավագ երեխաներից մեկն այս պահին գիշերօթիկ դպրոցում է սովորում, մյուսը մանկատանն է: Ընտանիքի մյուս անդամները միասին գիշերում են շինության մեջ տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին: Նախքան այս տարածք տեղափոխվելը, հարեւանու խոսքով, Հարությունյանները բարեկարգ առանձնատանն են ապրել, այնուհետեւ դա վաճառել են, հողատարածք գնել Աշտարակի Վանա լիճ կոչվող տարածքում, որտեղ Հակոբն սկսել է տուն կառուցել:
«Իր մայրը ուսուցչուհի է եղել դպրոցում, ինքը նույնպես, նաեւ բանաստեղծություններ է գրել: Հետո ասում են՝ սիրահարվել է, սիրուց հոգեկան հավասարակշռությունը մի փոքր խանգարվել է, ուրիշ խնդիրներ էլ են առաջացել, տունը ծախել են, տեղափոխվել այստեղ: Այս տունն էլ ինքն է քարը քարին դրել, ուզում էր նոր սենյակներ ավելացնել»,- ասաց հարեւանուհին՝ նշելով, որ Հակոբը մեծ թվով բարեկամներ ունի, նրանցից մի քանիսը Արագածոտնի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում, բայց խուսափում են շփվել ընտանիքի հետ, անգամ թաքցնում են, որ նրանց հարազատներն են:
Հարեւանուհին պատմեց, որ նրանք Հարությունյաններին չեն այցելել անգամ այն ժամանակ, երբ մահացել է Հակոբի մայրը: Հարեւաններն իրենք են դիմել համապատասխան մարմիններին՝ քաղաքի գերեզմանատանը մահացածի համար գերեզմանատեղ հատկացնելու համար, սակայն գումար է անհրաժեշտ եղել, ինչը Հարությունյանները չեն ունեցել: Դրանից հետո հարեւանները պարզել են, որ Հակոբի մոր հարազատները Ուջան գյուղում են թաղված, միջնորդել են գյուղապետին ու նա կնոջ համար գերեզմանատանը տեղ է հատկացրել: Թաղման արարողություն չի եղել՝ գումար չլինելու պատճառով:
Հարեւանները կարծում են, որ Հակոբը նույն խնդիրների առջեւ չկագնելու համար է երեխային թաղել իր տնամերձ հողատարածքում:
«Նրանք հանցագործներ չեն, նրանք էնքան խելոք մարդիկ են, ոչ մեկի խաթրին մինչեւ հիմա կպած չկան: Երեխային որ թաղեին, ո՞վ էր թիկունք լինելու, ո՞րտեղից էդ մարդկանց փող: Դրա համար էլ երեւի թաղել է էստեղ»,- ասաց Արմինե Աղաբաբյանը:
Հարեւանուհին պատմեց, որ երբ երեխայի դիակը հայտնաբերվել է, մայրը՝ Անժելան ասել է՝ սկեսուրն իրեն պատմել է, որ Հակոբի երկրորդ կինը՝ Արմինեն է քարով խփել ու սպանել երեխային: Հարեւանները, սակայն, այդ վարկածին չեն հավատում։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: 38-ամյա Արմինե Խաչատրյանը ձերբակալվել է:











