ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավարարված չէ ոստիկանապետերի աշխատանքով, հատկապես՝ ոստիկանության ծառայողների ընտրության, նրանց մասնագիտական պատրաստվածության եւ համակարգում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի առումով:

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը նշել է՝ եթե այսպես շարունակվի, ոստիկանապետեր կհեռացվեն համակարգից:

«Էն, ինչ մենք ունենք հիմա, մեղմ ասած՝ ես բավարարված չեմ, հատկապես՝  սեփականության դեմ ուղղված հանցագործությունների առումով: Ես տեսնում եմ աշխատանքի մթնոլորտը եւ տարածքում տիրող հոգեբանությունը՝ եւ կրիմինալի առումով, եւ ոստիկանության աշխատակիցների առումով: Նման մոտեցում ցուցաբերում են մարդիկ, ովքեր զուրկ են ինքնասիրությունից. դատարկ մարդիկ են տեղավորվել են համազգեստի մեջ ու տենց սպառում են, մաշում են էդ համազգեստը, էլի ասե՞մ, հանե՛ք մեջից»,- նշել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ անձնակազմերի պատրաստականությունը բարելավելու, աշխատանքային ու կատարողական կարգապահության մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ են պարապմունքներ:

«Մասնագիտական պարապմունքները են լինելու, լինելու են շատ բարձր որակի եւ մասնագիտական պարապմունքների համար ոստիկանապետեր են հեռացվելու համակարգից: Բայց կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում: Դա անում ենք ձեր համար, դուք կսովորեք, որովհետեւ եթե սովորեցնեք ձեր ենթականերին, կզորանաք դուք, չեք անի, լեյտենանտի կբերեմ թարմ ուղեղով կնշանակեմ ձեր տեղը»,-ոստիկանապետներին է դիմել Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետը նշել է, որ 2016թ. ոստիկանական համակարգը պետք է ձերբազատված լինի արատավոր երեւույթներից:

«2016թ. մենք չենք ունենա էս երեւույթները, 2016թ. ես նման թեմաներով, նման ձեւով խորհրդակցություներ չեմ անցկացնի: Խորհրդակցության փոխարեն մենք ղեկավար կազմով մասնագիտական պարապմունքներ կանցկացնենք երիտասարդ պետերի հետ»,-նշեց ոստիկանապետը: 

Վլադիմիր Գասպարյանն, այնուամենայնիվ, նշեց, որ որոշակի առաջընթաց համակարգում նկատվում է, սակայն «լիաթոք» բավարարված չէ:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին: