ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է ոստիկաններին անչափահասների հետ տարվող աշխատանքները մղել առաջին պլան:

«Անտարբերությունը անչափահասների նկատմամբ, հատկապես ոստիկանների կողմից, դիտում եմ հանցագործություն մեր ապագայի նկատմամբ: Ես ուզում եմ, որ անչափահասների հետ տարվող աշխատանքներում մենք բաժնում ունենանք լավ, օպերատիվ աշխատողներ: Անչափահասների հետ աշխատանքը մղել առաջին պլան, ամբողջ համակարգը ծառայեցնել էդ նպատակին»,- այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ նշել է Վլադիմիր Գասպարյանը:

Նշենք, որ այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին: