Գերմանիայի Դրեզդեն քաղաքում աջ արմատական հայացքների հարող «Հին աշխարհի իսլամականացման դեմ պայքարող եվրոպացի հայրենասերներ» շարժման անդամներն ու համախոհները իրենց հիմնադրման մեկամյակի կապակցությամբ ցույցի են դուրս եկել։ Ցուցարարների տարբեր խմբերի միջեւ բախումներ են սկսվել։ Նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ եւ ծեծել ցույցը նկարահանող լրագրողներից մեկին՝ կոտրելով նրա սարքավորումը։

Ցույցի ընթացքում հավաքվածների առաջ ելույթ է ունեցել ծագումով թուրք գրող Աքիֆ Փիրինչին, որը հայտնի է ծայրահեղ աջակողմյան գաղափարներ քարոզող իր աշխատություններով։ Նա հեղինակել է «Գերմանիայում կանանց սխալ պաշտամունքը, նույնասեռականություն եւ ներգաղթյալներ»  գիրքը։

Ինչպես տեղեկացնում է Der Spiegel-ը, Դրեզդենում հավաքվածների առջեւ նրա 25 րոպե տեւողությամբ վուլգար եւ ատելությամբ լի ճառի ողջ իմաստն այն էր, որ փախստականները օկուպացրել են Գերմանիան։