Երեւանում, կարծես, հնդկական ապրանքների նկատմամբ քաղաքացիների հետաքրքրությունը նվազել է: Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի հնդկական ապրանքների տոնավաճառի գնորդների թիվը պակասել է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ Նավաբ Անսարին նշեց, որ այցելուների քիչ թիվը, պայմանավորված է նրանով, որ վաճառքում հնդկական ապրանքների լայն տեսականի դեռեւս ներկայացված չէ:
«Շուտով նոր ապրանքներ են բերվելու ու վաճառքի հանվելու, ինչից հետո, հուսով ենք, ավելի շատ քաղաքացիներ կգան ու գնումներ կկատարեն»,-նշեց ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչը:
Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքն այս տարի իրականացվում է Երեւանի «Դինամո» մարզահամալիրի տարածքում՝ հոկտեմբերի 16-ից 25-ը:
Ցուցահանդես-վաճառքի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն գնել Հնդկաստանից բերված` համեմունքներ, հագուստ, աքսեսուարներ, արծաթե զարդեր, բիժուտերիա, կիսաթանկարժեք քարեր, օծանելիք, հինա, փայտե և այլ իրեր։
Նշենք, որ հնդկական ապրանքների առաջին ցուցահանդես–վաճառքը Հայաստանում կազմակերպվում 2008 թ.-ից:











