Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, բավարարեց ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը եւ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով ազատեց հետագա պատիժը կրելուց։
Նշենք, որ սա աննախադեպ որոշում է։ Առաջին անգամ է Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատվում պատժի հետագա կրումից։
Դատավճիռը դահլիճում հավաքվածները, որոնց թվում նաեւ այլ ցմահ դատապարտյալների հարազատներ կային, ողջունեցին ծափահարություններով։ Ոմանք ասում էին, որ սա շատ ուշացած դատավճիռ է` հաշվի առնելով, որ Սողոմոն Քոչարանի վիճակն օրեցօր վատանում էր, սակայն ընդհանուր տրամադրությունը հաղթանակած էր, ոմանք հուզմունքից արտասվում էին։
Իրավապաշտպաններն ու նրա փաստաբանը երկար ժամանակ պայքարում էին այս որոշման համար։
Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Նա ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից։
Լուսանկարը՝ Hetq.am–ի











