Ազատամարտիկ, իրանահպատակ ադրբեջանցուն սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով հետագա պատժի կրումից ազատելը կարող է նախադեպ դառնալ մյուս ազատազրկվածների պատժի վերանայման համար։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 22–ին, վճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց դատապարտյալի փաստաբան Գրիշա Բալասանյանը։
«Սա ցմահ դատապարտյալին պատժի կրումից ազատելու առաջին դեպքն է Հայաստանում»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` գործը շատ ձգձգվեց, եւ իրավապաշտպաններն ամեն ինչ պետք է անեն, որ հիվանդություններից տառապող դատապարտյալներին հետագայում ազատելու գործընթացն ավելի արագ լինի։
Սողոմոն Քոչարյանի քույրը` Անժելա Ապրեսյանը նույնպես նշեց, որ սա չափազանց ուշացած վճիռ էր։
«Սողոմոնի հարազատները, նրա դուստրը այդպես էլ չկարողացան տեսնել նրան ազատության մեջ»,– ասաց նա։
Քրոջ խոսքով` իրենք այժմ մտավախություն ունեն` ինչպես պետք է լուրը հայտնեն եղբորը, որի սիրտը շատ վատ վիճակում է, եւ կարող է չդիմանալ։
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանի 19-ամյա դուստրը, որը մոր մահից հետո միայնակ էր մնացել, ինքնասպան է եղել 2014թ. մարտի 1-ին։
Նա ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
20 տարի անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից։ Հոկտեմբերի 22–ին առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա փաստաբանի միջնորդությունը եւ ազատել Քոչարյանին պատժի հետագա կրումից։











