Ազատամարտիկ, իրանահպատակ ադրբեջանցուն սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով հետագա պատժի կրումից ազատելու դատարանի որոշումն ուշացած էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին մյուս ցմահ ազատազրկվածների հարազատները, որոնք այսօր` հոկտեմբերի 22–ին, ներկա էին վճռի հրապարակմանը։ Այնուամենայնիվ, նրանք հույս հայտնեցին, որ Սողոմոն Քոչարյանի ազատումը կարող է նախադեպ լինել եւ գուցե մի օր իրենց հարազատները նույնպես ազատության մեջ լինեն։
«Սողոման Քոչարյանի ազատումը ուշացած էր, այնքան ուշացած, որ անգամ հարազատները նրան ազատության մեջ չտեսան: Ընդամենը նախագահը պետք է հրաման տա իր խամաճիկներին, որպեսզի մեր երեխաների գործերը վերանայվեն»,-ասաց համակուրսեցու սպանության մեղադրանքով 19 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված, իր մեղավորությունը չընդունող Մհեր Ենոքյանի մայրը` Վարդուհի Օհանյանը:
21 տարեկանում ծառայակցին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի մայրը` Ֆենյա Քոչարյանն էլ նշեց, որ հույսը չի կորցնում եւ հավատում է, որ կգա մի օր, երբ որդու գործը կվերաբացվի եւ նա կարդարացվի:
«Ես հուսով եմ, որ Սողոմոն Քոչարյանի դեպքը նախադեպ կլինի եւ մեր հարազատների գործերը կվերաբացվեն, ու մեր հարազատների դեպքում Սողոմոն Քոչարյանի նման չի լինի` ուշացած արդարացված դատավճիռ»,-ասաց Ֆենյա Քոչարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, բավարարեց ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը եւ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով ազատեց հետագա պատիժը կրելուց:
Նշենք, որ սա աննախադեպ որոշում է։ Առաջին անգամ է Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատվում պատժի հետագա կրումից:
Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Նա ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Նրա մոտ ախտորոշված հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:











