Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այսօր` հոկտեմբերի 23-ին, հիմնավորված համարեց իր նորածին երեխային սպանելու համար Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի բնակչուհի Իրինա Իոսոֆիվային առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման:

Կողմերը դատարանին միջնորդեցին արագացված դատաքննության կարգ կիրառել, քանի որ գործով մեղադրյալ Իրինա Իոսոֆիվան ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը եւ խնդրեց դատարանին մեղմ պատիժ սահմանել:

«Ներողություն եմ խնդրում, հարգելի դատարան, ներեք ինձ, ես գիտակցում եմ` ինչ եմ արել, ես մեղավոր եմ, բայց խնդրում եմ ներել, երեխաներս մեղք են, անչափահասներ ունեմ, ներեք խնդրումեմ, պատիժս մեղմ տվեք»- ասաց Իրիրնա Իոսոֆիվան:

Դատարանն արագացված դատաքննությամբ կայացրեց դատավճիռ` Իրինա Իոսոֆիվային մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով եւ դատապարտել ազատազրկման` 2 տարի ժամկետով, դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում 2015թ. մարտի 23-ին հայտնաբերվել էր նորածնի դի: Պարզվել էր, որ նորածնին լույս աշխարհ էր բերել նույն գյուղի բնակչուհի, ազգությամբ ասորի 40-ամյա Իրինա Իոսոֆիվան: Նա ծննդաբերել էր տանը եւ երկու ժամ անց շնչահեղձ անելու եղանակով սպանել արու զավակին` պատճառաբանելով, որ չի կարող նրան կերակրել սոցիալական պայմաններից ելնելով: