ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով կքննարկվի Երեւան քաղաքի խաչմերուկներում ավտոմեքենաներ կայանելու առաջարկը:

«Մենք պետք է դոգմա չընդունենք, որ խաչմերուկներում չի կարելի կայանել: Եթե էդ խաչմերուկում հնարավորություն կա եւ չի խանգարելու երթեւկությանը, կարելի է կայանումը  կազմակերպել: Մեր նման ծանրաբեռնվածություն ունեցող քաղաքում պետք է քաղաքապետարանի հետ գտնել այդ տեղերը»,- այս կերպ է ոստիկանապետը արձագանքել մի քաղաքացու առաջարկին, ըստ որի, անհրաժեշտ է կայանում կազմակերպել Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, քանի որ տարածքը տալիս է դրա հնարավորությունը:

Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մինչեւ Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցությունը ծանոթացել է ՃՈ քարտուղարության աշխատանքին, որտեղ էլ քաղաքացին ոստիկանապետին արել է խաչմերուկում մեքենաների կայանում կազմակերպելու առաջարկը:

Նշենք, որ այսօր կայացած խորհրդակցության նպատակն է եղել՝ քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Հիշեցնենք, որ նախագահը հանձնարարել էր վերանայել տուգանքների կարգը` մասնավորապես թեթեւացնելով թեթեւ խախտումների համար նախատեսվող տուգանքները։