Երևանի Աշտարակի խճուղու 55 հասցեում արդեն չորս օր է՝ կողուղաջրերը թափվում են փողոց ու ողողում տարածքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տարածքի բնակիչ Դերենիկ Գրիգորյանը, որը մտավախություն ունի, որ եթե խնդիրը չլուծվի՝ վարակներ կտարածվեն։

«Օրեցօր կոյուղաջրերն ավելանում են, դեմը չենք կարողանում առնել։ Եթե էսպես շարունակվի, վարակ կսկսի տարածվել։ Սա խոլերայի բուն է, նույնիսկ շները չեն մոտենում»,- ասաց Դերենիկ Գրիգորյանը։

Դերենիկի խոսքով` ստեղծված իրավիճակի պատճառը մայրուղու սխալ վերանորոգումն է։ Տարածքում գտնվող շինություններից մեկն էլ, որի տակ լցվում են ջրերը՝ փլուզման եզրին է և մոտակայքում աշխատող  քաղաքացիները վախենում են, որ շենքի հիմքերը կխարխլվեն ու շենքը կփլվի։ Շենքի մոտակայքում գտնվող սպասարկման տարբեր օբյեկտներում աշխատող մարդիկ դիմել են պատկան մարմիններին, բայց «ամեն մեկն իր վրայից պատասխանատվությունը մյուսի վրա է գցում»։

«Աջափնյակի թաղապետարանից եկան, նկարեցին, հաշվարկներ արեցին ու ասացին՝ մեր ենթակայության տակ չի, բայց կմտածենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դերենիկ Գրիգորյանն ու նշեց, որ մինչև խնդիրը լուծվի, արդեն ամբողջ տարածքը կոյուղաջրերի մեջ կկորի։

Տարածքում աշխատող քաղաքացիները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ  եթե խնդիրն առաջիկայում չլուծվի, իրենք մայրուղին կփակեն ու փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև թաղապետարանը խնդիրը լուծի։