ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը։

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին դերասաններ, քաղաքական գործիչներ, ընկերներ եւ հարազատներ։

ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրելուց բացի մարդիկ պետք է միշտ վառ պահեն նրա հիշատակը։

«Կարելի է անընդհատ հուշատախտակներ տեղադրել, պիտի մեր հոգու մեջ նա անընդհատ կենդանի լինի, եւ օրինակ ծառայի շատերի համար, որովհետեւ ինքն իսկապես Հրանտ Մաթեւոսյանի ասած Տերն էր, տերն էր քաղաքի, տերն էր Հայաստանի, տերն էր էն թատրոնի, որ բացել էր։ Այ էդ «տեր» հասկացողությունն է, որ պետք է բոլորիս մեջ լինի, որպեսզի մենք կարողանանք լավ ապրել»,-ասաց Ծատուրյանը։

Նիկոլայ Ծատությանի խոսքով՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը ընկերները միշտ հավաքվում էին վարպետի տանը։ 

«Հավաքվում էինք իրենց տանը, քեֆով, շուլուխով տոնում ծնունդը։ Սոսի լավն էն էր, որ երբեք իր մոտ չկար էդ սնոբիզմը, որ ես Սոսն եմ, չէ, շատ համով-հոտով մարդ էր, հումորը տեղը։  Մի խոսքով շատ կարգին մարդ էր»,-նշեց թատերական գործիչը։

Սոս Սարգսյանը շատ երազանքներ ուներ, ըստ Ծատուրյանի, որոնց մեծ մասն իր կենդանության օրոք իրագործեց դերասանը։

Սոս Սարգսյանի կինը՝ տիկին Նելլին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ վարպետը չէր սիրում իր ծննդյան օրերը։

«Ոչ էլ հիշում էր, միշտ ես էի հիշեցնում, զարմանում էր, ասում էր՝ ինչի եմ պատրաստվում, էս ինչ եմ անում, ինչով եմ զբաղված»,-ասաց Տիկին Նելլին։

Սոս Սարգսյանի կնոջ խոսքով՝ ընկերներով միշտ տոն էին դարձնում վարպետի ծննդյան օրը։

Տիկին Նելլիի ամենահիշարժան օրն այն է, երբ առաջին անգամ հանդիպեց Սոս Սարգոսյանի։

Սոս Սարգսյանի հուշատախտակի բացումից հետո արարողության ներկաները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված է վարպետի աճյունը։

Հոկտեմբերի 24–ին Սոս Սարգսյանը կդառնար 86 տարեկան։ Դերասանը մահացել է 2013թ. սեպտեմբերի 26–ին։