Ավելի քան 14 հազար տնային տնտեսություն առանց էլեկտրականության է մնացել՝ Թեքսաս նահանգի հյուսիսային ու կենտրոնական ռեգիոններում սկսված ուժեղ տեղատարափների ու ջրհեղեղների հետեւանքով: Այս մասին շաբաթ հայտնել են տեղական իշխանության ներկայացուցիչները:
Ջրհեղեղը «Պատրիսիա» հզոր փոթորկի հետեւանքն է, որը հյուսիսամերիկյան մայրցամաք էր եկել Խաղաղ Օվկիանոսի կողմից: Միայն անցած օրվա ընթացքում Թեքսասի կենտրոնական մասում տեղումների քանակը գերազանցել է 40 սմ-ն, ինչը մի շարք օկրուգներում զանգվածային ջրհեղեղների պատճառ է դարձել:
Նավարո օկրուգի Կորսիկանա քաղաքից հյուսիս ջուրը հեղեղել էր երկաթգծային ճանապարհները, ինչի հետեւանքով բեռնատար գնացքը իջել էր գծերից: Գնացքում միայն երկու մարդ կար ՝գնացքավարն ու ինժեները, նրանք չեն տուժել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ջրհեղեղների հետեւանքով ջրի տակ են մնացել նահանգի տարածքով անցնող մի շարք դաշնային մայրուղիներ: Հայտնում են, որ որոշ ավտոմեքենաների եւ նրանց մեջ գտնվող մարդանց ջուրը քշել տարել էր, սակայն տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդում: Փրկարար ծառայությունները տարհանում են տեղի բնակիչներին, որոնք տարերքի էպիկենտրոնում են հայտնվել: Վատ եղանակի պատճառով Դալլասի միջազգային օդանավակայանում մոտավորապես 400 չվերթ է հետաձգվել:
Տարերային աղետներից տուժածներին արտահերթ օգնություն տրամադրելու համար նահանգի իշխանությունները հատուկ կենտրոն են բացել: Հյուսթոն քաղաքում ջրհեղեղների սպառնալիքի մասին նախազգուշացում են տարածել : Բնակչությանը խորհուրդ են տալիս չլքել տները ու անձնական ավտոտրանսպորտ չօգտագործել:











