Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար «որոշ մարդկանց օրենքն է պատժել, որոշ մարդկանց՝ Աստված»: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը ԵԿՄ-ականների ուղեկցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Ով որ էդ գործն արել ա, արել ա հայ ժողովրդի, մեր պետության, մեր անկախության դեմ: Աստված անպայման այդ գործն անողներին կամ իրենց զավակներին կպատժի»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ կատարվածն այդ ժամանակվա իշխանության կազմակերպածն է, նա պատասխանեց. «Դե լավ, էլի, ո՞նց կարար իշխանությունը կազմակերպեր: Էն ժամանակվա լավ իշխանությունը Վազգենն էր, Դեմիրճյանն էր: Ձեր ասելով իրանք իրանց դեմ բա՞ն էին կազմակերպել: Էսօր թուրքը սահմանին կրակում ա, էլի իշխանությո՞ւնն ա կազմակերպել»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 1999 թ. հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել են ԱԺ նիստերի դահլիճ ու գնդակահարել 8 մարդու: Սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվել են պատգամավորներ ու նախարարներ:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:











