«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը մի օր բացահայտվելու է, բայց դրա համար մեծ զինանոց է պետք: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ֆոտոռեպորտաժ):
«Եթե հնարավոր լիներ, կբացահայտվեր, մեզ ոչ միայն մարդկային ռեսուրներ են պետք, այլ մեծ զինանոց, որը կփնտրի, կգտնի, կբացահայտի: Ոչ թե պետք է դատողություններ անել, թե իրավապահ մարմինները չգտան, այլ պետք է վստահ լինել, որ Հայաստանի հզորությունն անպայման կգտնի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ ոճրագործության բացահայտումը կախված է բոլորից, բացի դրանից՝ սա իրավական խնդիր է, որի լուծումն անպայման մի օր կգտնվի:
Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ ԱԺ բակում տեղի ունեցավ հիշատակի արարողություն։
Հիշատակի արարողությանը ներկա էին նաև զոհված պետական գործիչների հարազատները՝ այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը և այլք:
Ներկաները ծաղիկներ դրեցին Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











