Գեներալ, լեյտենանտ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանի առջեւ սահմանադրական փոփոխութունների հանրաքվեի դեմ նստացույց սկսած` «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կնոջն առաջարկում է հանդիպել: Այս մասին լրագրողներին ասաց գեներալը` անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի կնոջ այն հայտարարությանը, որ ինքն ուզում է հանդիպել Սեյրան Սարոյանի հետ եւ հարցնել, թե իր գեներալին իր տնեցիներից բացի է՞լ ով ձայն կտար:

«Ուզում ա, թող գա տենա, մեր քուրն ա, ի՞նչ ա եղել, այ կնիկ, այ քեզի բան, մեր քուրն ա, ինչ տարբերություն: Երբ կասի, որտեղ կասի, ես կեթամ իրան կտենամ»,-ասաց Սեյրան Սարոյանը:

Նշենք, որ նախօրեին Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքը կասկածում է, որ Անդրիաս Ղուկասյանի տնեցիներից բացի որեւէ մեկը ձայն կտա նրան: Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը արձագանքել  էր գեներալին` ասելով. «Ես ինքս, պարզապես որպես անձնավորություն, կուզենայի գեներալի հետ հանդիպել անձամբ ու հարց տալ՝ բացի իր տանեցիներից, քանի՞ հոգի իրեն ևս կուզենար ձայն տալ»: