ՀՀԿ պատգամավոր այսօր` հոկտեմբերի 27–ին, Սամվել Ֆարմանյանը հանդես եկավ ՄԻՊ 2014թ. Զեկույցի կոշտ քննադատությամբ` նշելով, որ զեկույցն իրեն հիշեցրել է վատ ասպիրանտի աշխատանք, որում վերջինն ուշադրություն է դարձնում միայն ծավալին` տպավորություն ստեղծելու համար։
«Զեկույցը 500 էջանոց ջուրծեծոցի է։ Մեջբերեմ մի քանի միտք՝ միջատները կծել են դատապարտյալի ձեռքերը, գրեիք` հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալի քունը։ Եթե Ռաուլ Վալենբերգը, Մարտին Լութեր Քինգը, Նելսոն Մանդելան եւ մարդու իրավունքների պաշտպանության մյուս հայտնի առաքյալները հիմա կենդանի լինեին, չգիտեմ` ինչ տպավորություն կստանային ձեր զեկույցից: Կարելի՞ է միթե այդքան անլրջացնել ՄԻՊ տարեկան զեկույցը»,– ասաց նա` նշելով, որ եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ–ը տարեկան զեկույց խորհրդարանում չհրապարակի, մարդիկ ընդհանրապես տեղեկություն չեն ունենա նրա գործունեության մասին։
Պատգամավորի խոսքով` զեկույցում օմբուդսմենը անհարկի ու բազմաթիվ մեջբերումներ է արել ՀՀ մասին միջազգային կազմակերպությունների զեկույցներից։
«Մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ իրենք հղում անեն ՀՀ ՄԻՊ բացահայտումներին: Իսկ զեկույցում վերաբերմունքը լրիվ փնթի է՝ անգլերենով ներկայացված աղյուսակներ. լրիվ քոփի փեյսթ, որը նաեւ Լեզվի մասին օրենքի խախտում է: Պետական բյուջեից այդքան փող ենք ծախսում, որ ունենանք այդքան անատամ ու ոչինչ չասող զեկու՞յց»,– ասաց պատգամավորը` նշելով, որ գործող Օմբուդսմենի օրոք, իր դիտարկմամբ, տեղի է ունեցել ոչ թե օմբուդսմենի ինստիտուտի հեղինակության աճ, այլ նախկինում ստեղծվածի տոտալ մսխում։
Ֆարմանյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցվելու դեպքին Կարեն Անդրեասյանի արձագանքին. «Ի՞նչ արեց մեր օմբուդսմենը: Նա ընդամենը նամակով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին: Որտե՞ղ էին ձեր գործողությունները, արդյունքը: Ոստիկանությանը մեղադրում եք ցածր պրոֆեսիոնալության մեջ, մինչդեռ ձեր ներկայությունը չկար ոչ Բաղրամյանում, ոչ Գյումրիում. երկրում ձեր ներկայությունը, ձեր ինստիտուտի ներկայությունը, պարոն Անդրեասյան, չկա: Պարզվում է՝ օմբուդսմենը 110 հայտարարությամբ է հանդես եկել, մի հատ էլ գրեիք, որ հինգ հատուկ երազ եք տեսել...Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»:
Սամվել Ֆարմանյանի համար տարօրինակ է նաեւ այն, որ Անդրեասյանը մարդու իրավունքների խախտումներ է հայտնաբերել նույնիսկ պետական ֆինանսավորմամբ խոշորագույն ծրագրերից մեկի` երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրում. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե իշխանությունները բավարար գռեհիկ լինեն եւ ստեղծեն միջատների բազմացման հարցերով զբաղվող նախարարություն, հաջորդ տարի դուք ձեր զեկույցում կգրեք, որ այնտեղ եւս մարդու իրավունքների էական խախտումներ են եղել»:
Ֆարմանյանը նաեւ անդրադարձավ խորհրդարանի հետ ՄԻՊ համագործակցությանը։ «Մենք ՀՀ–ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ ենք հրավիրում, հրավիրում ենք Օմբուդսմենին ՀՀ–ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցով հանդես գալու, ասում է` կգա իմ առաջին տեղակալը։ Պարոն Անդրեասյան, դուք մի տեղակալ էլ չկաք, ո՞ւր եք ձեր տեղակալին ուղարկում զեկույց ներկայացնելու համար»։











