Սպարապետ Վազգեն Սարգսյանը երազում էր, որ հայ ժողովուրդը, Հայաստանը հետ չմնա զարգացած երկրներից: Այս մասին այսօր` Հոկտեմբերի 27-ին` ոճրագործության 16 -րդ տարելիցին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Աժ ՀՀԿ- ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«98թ. միասին գնացինք Բրյուսել հետո Փարիզ, Վազգենը Փարիզում ինձ ասեց՝ եթե կարողանանք Երեւանում էս Շանզ–Էլիզեի պես փողոց ունենանք, ես իմ կյանքը կնվիրեմ հայ ժողովրդին, գոնե տենց մի փողոց ունենանք: Վազգենն այ տենց լավատես էր, միշտ ցանկացել է, որ հայ ազգը մյուս պետությունների նման լինի հզոր ու անկախ», - ասաց Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:











