Բաշկիրիայում 7 տղամարդկանց ուղղությամբ կրակ արձակած անձինք 8 հոգի են եղել: Lifenews-ը հրապարակել է տեսահսկման խցիկներից մեկի նկարահանումները:
Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է 02:44-ին «Հյուսիս» բազայի տարածքին մեքենա մոտենում, հետո դարպասից մարդիկ են ներս մտնում եւ անշտապ ուղղվում դեպի ավտոսերվիս: Նրանք մուգ հագուստով եւ կնգուղով բաճկոններով են: Նրանք անցնում են տեսահսկման խցիկի մոտով եւ 6 րոպե անց կրկին հայտնվում տեսախցիկում: Բայց այս անգամ նրանք վազում են բազայի ելքի ուղղությամբ: Դատելով ձայնագրությունում արձանագրված ժամանակից՝ հարձակում գործելու համար նրանցից 5 րոպեից քիչ ավելի ժամանակ է պահանջվել:
Հիշեցնենք, որ այսօր Բաշկիրիայում դիմակավորված անհայտ անձինք գնդակահարել են 7 հոգու: Հարձակման զոհ են դարձել տեղի գործարարն ու նրա ընկերները: Նրանք ծանր վիճակում հիվանդանոցում են: Տուժածների անձը պարզվել է:
Պատահարի արդյունքում զոհվել է ավտոսերվիսի տերը՝ Ա.Սարգսյանը: Ավելի ուշ նրա հայրը՝ Համլետ Սարգսյանը, հայտարարել է, որ եթե 24 ժամվա ընթացքում սպանության պատվիրատուին չբռնեն, ինքը «վորոշիլովյան հրաձիգ» կդառնա:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի բաժանմունքի ղեկավար Արդակի Դալարյանին, տեղեկացրել է, որ Սալավաթում հայերի ուղղությամբ կրակ արձակածների թվում նաեւ ծնունդով Բաշկիրիայից ադրբեջանցի կա:











