Երեւանի Կենդանաբանական այգու գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանի վրա հոկտեմբերի 29-ին հարձակվել է Զեւս անունով 7–ամյա արու առյուծը։ Զեւսը ծնվել է նույն այգում, աշխատակիցները զարմացած են` առյուծը յոթ տարվա մեջ երբեք նման վարք չէր դրսեւորել, հատկապես Վարդանին վարժված էր, թերեւս հենց այդ վստահությամբ էլ բազմամյա փորձ ունեցող, իր գործը լավ իմացող Վարդանը հանգիստ խախտել է իր ու գազանի միջեւ սահմանված չեզոք տարածությունը։
Երեկվանից Զեւսը տրամադրություն չունի, վանդակի խորքից դուրս չի գալիս, աշխատակիցները կատակում են. «Ինքն էլ ա զգացել, որ լավ բան չի արել, ամաչում ա դուրս գալ»։
Առյուծին այժմ խնամում է Վարդանի գործընկերը` Արման Պետրոսյանը։ Նա այսօր առանց վախի կերակրել է իր սիրելի գազանին։ Տարիների փորձը հուշում է, որ գիշատիչը ճիշտ հեռավորություն պահելու դեպքում վտանգավոր չէ, ինքն ու Զեւսը միմյանց հայացքով են հասկանում։
Վանդակի ճաղերը նեղ դասավորություն ունեն, առյուծը գլուխը դուրս հանել չի կարող, ոչ էլ աշխատողը կարող է ձեռքը վանդակից ներս մտցնել, իսկ կերակրման ընթացքում աշխատակիցները գիշատիչների հետ անմիջական շփման մեջ չեն լինում։ Կերակրելուց առաջ գիշատիչներն այլ վանդակ են տեղափոխվում, աշխատակիցը կերակրամանը լցնելուց հետո է միայն բացում մյուս վանդակի դուռը։
.jpg)
Օրվա հերոսը անվտանգության աշխատակից Հենրի Սերխոշյանն է։ Հենց նա է առաջինը օգնության հասել գիշատիչի ճանկերում հայտնված Վարդանին։ Օգնության կանչեր լսելով` շտապել է դեպքի վայր, ցատկել արտաքին ճաղավանդակի վրայով։
«Մարդկանց բղավոցներից մոտեցա դեպքի վայրին, արդեն ձեռքը բռնած էր առյուծը, բայց Վարդանը ճիշտ կողմնորոշվում էր, չէր դիմադրում, որովհետեւ ավելի վատ հետեւանքներ կարող էր ունենալ։ Մոտեցա, ճաղավանդակից անցա նրա մոտ։ Առյուծն արդեն թողել էր ձեռքը, դուրս բերեցի, օգնություն ցույց տվեցինք, տարանք հիվանդանոց։ Փառք Աստծո, հիմա ամեն ինչ նորմալ է»,- պատմում է Հենրի Սերխոշյանը՝ հավելելով, որ խնամողը սահմանված հեռավորությունը չի պահպանել։
.jpg)
Կենդանաբանական այգում ասում են` փորձառությունն այս դեպքում եւ խանգարել, եւ օգնել է Վարդանին. մի կողմից դա նրան թույլ է տվել մի փոքր անզգույշ լինել, մյուս կողմից հարձակման պահին ճիշտ կողմնորոշվել եւ նվազագույն վնասվածքներով դուրս պրծնել Զեւսի ճանկերից։
Վարդան Գրիգորյանն այժմ բուժում է ստանում Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել է, նրա վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ձախ բազկի պատռվածքներով։












