Տուլայի մարզի Ուզլովյան շրջանում Մոսկվայից Երեւան ուղեւորվող   «Higer» ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից մեկը  «Տուլայի նորություններ» լրատվական գործակալությանը պատմել է, թե ինքն ինչ է հիշում վթարից։ 

Նրա խոսքով, «Շտապօգնություն» է եկել եւ նրան հասցրել հիվանդանոց։ Այժմ տղամարդն իրեն նորմալ է զգում։  

Տուժածը նաեւ պարզաբանել է, թե չգիտե, թե ինչու է տեղի ունեցել վթարը։ 

Վնասվածք ստացած երկրորդ տղամարդը պատմել է, որ հիշում է, թե ավտոբուսն ինչպես է շրջվել։ Ասել է, որ չի կարողացել դուրս գալ ավտոբուսից։ Տուժածը նաեւ հայտնել է, որ իր հետ ավտոբուսում է  եղել մայրը, որի մասին ոչինչ հայտնի չէ։ 

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում  59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան յոթ զոհի եւ 35 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։