Երեւանի  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել Տուլայում վթարի հետեւանքով տուժած 9 ուղեւոր` 8 տղամարդ, 1 կին: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ հիվանդների մի մասը ողնաշարի, կրծքավանդակի վնասվածքներ ունեն, մի մասը՝ թեթեւ քերծվածքներ: Նրա խոսքով, այս պահին բոլոր հիվանդները հետազոտվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ այսօր Երեւան են տեղափոխվել նաեւ վթարից թեթեւ վնասվածք ստացած կամ անվնաս մնացած 32 ուղեւորները։

Տուլայի մարզի հիվանդանոցներում շարունակում են բուժել 12 տուժածի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է։

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

Զոհվածների մարմինները եւ վիրավորների մեծ մասին նոյեմբերի 5-ի երեկոյան ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Երեւան։