Սեպտեմբերի 3-ին հակառակորդի գնդակից զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի մահվանից հետո բազմաթիվ հրապարկումներ եղան, թե նրա ընտանիքն ինչ վատ կացության մեջ է:

Կարճ ժամանակում հայտնվեցին մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեցին Հայկի ընտանիքին` նրա այրուն եւ 5 երեխաներին, որոնցից 3-ն անչափահաս են: Հայկի 18-ամյա դուստրն արդեն սովորում է Արթիկի բժշկական քոլեջում, իսկ ավագ դուստրն ամուսնացած է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Հայկ Թեւոյանի այրին` տիկին Ջավահիրը, ասում է, որ իրենց ընտանիքի անօգնական վիճակի մասին հրապարակումներից հետո մեծ թվով բարերարներ օգնել են ընտանիքին, ստացված գումարի գերակշիռ մասն ուղղվել է անմխիթար վիճակում գտնվող տան վերանորոգման աշխատանքներին:

Կնոջ խոսքով, սակայն, իրենք դեռեւս շատ խնդիրներ ունեն. կահույք չունեն, օգնություն ստացած անասունների համար անասնագոմ են ցանկանում կառուցել:

«Երբ Հայկը կար, աշխատում էր, 120 000 դրամ էր ստանում, հազիվ հասցնում էինք մեր 5 երեխեքին պահել, էդ դեպքը պատահեց, նոր սկսեցին օգնել, տունը վերանորոգեցին, հետո կողքից էլի եղել են օգնություններ, կազմակերպություններ էլ կային, բայց անհատները շատ են: Էդ ամբողջ գումարը տրամադրել ենք տան վերանորոգման համար, ուրիշ ոչ մի բանի, որ տունն ամբողջովին վերանորոգեն վերջացնեն, իսկ մնացածը ուզում ենք գոմ սարքել, անասուններ  են բերել, գոմ չկա, փլված է լրիվ գոմը»,- ասաց տիկին Ջավահիրը:

Մեզ հետ զրույցում Հայկ Թեւոյանի քույրը հիշում է, որ Հայկի երազանքը տունը վերանորոգելն էր, վարկ էր վերցրել, ոչխարներ գնել, որպեսզի սեզոնին վաճառի, տունը վերանորոգի: Քույրը, արցունքներն աչքերին, ասում է` եղբոր երազանքը իրականացավ, բայց ոչ նրա կենդանության օրոք. «իր աչքերով տունը վերանորոգված չտեսավ»:

Հայկ Թեւոյանի քավոր եւ զինակից Արտաշես Մկրտչյանը ընտանիքի անունից խորին շնորհակալություն հայտնեց, բոլոր նրանց, ովքեր ձեռք են մեկնել Հայկի ընտանիքի նեղ պայմաններն ինչ-որ կերպ թեթեւացնելու համար:

«Ով ինչքան ցանկություն, հնարավորություն ունեցել է, իր ձեւով, իր չափով օգնել է: Բոլորից խորին շնորհակալություն ենք հայտնում: Ուղղակի հնարավորության դեպքում, եթե կան բարերարներ, եթե կան բարեխիղճ մարդիկ, օգնեն, գոմը կառուցենք, մեծ գոմ պետք չէ, քարի 40 տոկոսը կա»,-ասաց Արտաշես Մկրտչյանը:

Հայկ Թեւոյանի հարազատները եւս շնորհակալ են բոլոր աջակցողներից, թեեւ ամեն ինչ կտային, որ Հայկը ողջ լիներ, եւ ինքնուրույն հաղթահարեր կենցաղային բոլոր դժվարությունները:

Բազմազավակ ընտանիքի հոգսերը ինչ–որ չափով թեթեւացնելու նպատակով Հայկ Թեւոյանի ընտանիքին 450 հազար դրամ է հատկացվել Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1–ին NEWS.am–ի անցկացրած ամենամյա բարեգործական ակցիայի ընթացքում հավաքված գումարից։

Ավելի վաղ հայտնել էին, որ պաղպաղակի բարեգործական վաճառքից ստացված 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլարի մեծ մասով NEWS.am–ը 52 պլանշետ է գնել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Փամբակ եւ Դարանակ գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, ինչի շնորհիվ այժմ պլանշետներ ունեն երկու գյուղերի բոլոր այն ընտանիքները, որտեղ կան դպրոցահասակ երեխաներ։ Մնացած 909 հազար դրամը ակցիայի կազմակերպիչները քննարկելուց հետո որոշել են հավասարապես բաշխել երկու կարիքավոր ընտանիքների միջեւ` Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող` 13 երեխա ունեցող Մելքոնյանների ընտանիքին եւ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում բնակվող` զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի ընտանիքին։