NEWS.am-ը ներկայացնում է մարտի 3-ի գլխավոր լուրերը՝ համառոտ:

ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւ։

Ֆինանսների նախարարության հետ միավորվելուց մեկուկես տարի անց կրկին առանձնացած Պետական եկամուտների կոմիտեն կղեկավարի Հովհաննես Հովսեփյանը: Սերժ Սարգսյանի հրամանով մինչեւ այդ նա ազատվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: 42-ամյա իրավաբանն այդ պաշտոնը զբաղեցնում էր վերջին ութ տարիներին: Սերժ Սարգսյանն այսօր անձամբ է ներկայացրել ՊԵԿ նոր նախագահին:

Տարվա գլխավոր օրենսդրական նախագիծը՝ Ընտրական նոր օրենսգիրքն այսօր ստացել է կառավարության հավանությունը եւ արդեն հաջորդ քառօրյայում կքննարկվի Ազգային ժողովում: Նախագծի համաձայն՝ Հայաստանում կանցկացվեն միայն խորհրդարանական ընտրություններ՝ այն էլ բացառապես կուսակցական ցուցակներով: Բազմաթիվ փոփոխությունների թվում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային քվեարկություն եւ պարտադիր մանդատներ հատկացնել 4 խոշորագույն ազգային փոքրամասնություններին:

Վլադիմիր Գասպարյանը շարունակում է պաշտոնանկ անել բարձրաստիճան ոստիկաններին: Հերթը հասել է Երեւանի փոխոստիկանապետ Արմեն Գարդուզյանին: Ըստ մամուլի հրապարակումների` վերջին օրերի զանգվածային պաշտոնանկությունների պատճառն այն է, որ Վլադիմիր Գասպարյանին զայրացրել է բարձրաստիճան ոստիկանների ներկայությունը պատգամավորներից մեկի ծննդյան տարեդարձին, որին ներկա է եղել նաեւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ Թեւոսիկը:

Երեք երեխաների մայրը սառնասրտությամբ պատմում է իր արարքի մասին, ինչը մի քանի օր առաջ ցնցեց ամբողջ մարդկությանը: Իր խնամքին հանձնված 4-ամյա աղջկան, նա, պարզվում է, դաժանաբար գլխատել, ապա այրել է Սիրիայում Իսլամական պետության դիրքերը ռմբակոծելու դիմաց Պուտինից վրեժ լուծելու համար: Երեխայի սպանությունը դայակը ծրագրել էր մեկ ամիս առաջ: Երբ եւ ինչ պայմաններում է կինն այս խոստովանությունն արել, հայտնի չէ: Այն ինտերնետ է թափանցել ոչ պաշտոնական աղբյուրներով:

Ստամբուլում զինված կանայք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա: Նրանք կրակահերթ են բացել ոստիկանական ավտոբուսի վրա, ապա նռնակներ նետել: Կանանցից մեկը վիրավորվելուց հետո տաքսիով փախուստի է դիմել, մյուս երկուսը թաքնվել են բնակելի շենքում, որտեղ էլ սպանվել են ոստիկանների գրոհի ժամանակ: Սպանվածները ընդհատակյա Հեղափոխական ժողովրդական փրկության ճակատ կուսակցության անդամներ էին:

Վարդան Պետրոսյանը եւ ողբերգական վթարից տուժած Հակոբյանները հաշտվել են: Դերասանը վերջապես համաձայնել է փոխհատուցել տուժող կողմի փաստաբանական ծախսերը՝ 2 միլիոն դրամ: Սա կարելի է ասել, հաշտություն է իրավական հարթությունում, իսկ անձնական հաշտություն կլինի, թե ոչ, կախված է կողմերի ցանկությունից: Վարդան Պետրոսյանը միշտ դրան կողմ է եղել, Հակոբյաններն էին հրաժարվում՝ հիշեցնելով, որ իրենք երկու երիտասարդ տղա են կորցրել:

19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանը չէր կարող ինքնասպան լինել: Նրան ռազմական ինստիտուտում կախաղան են հանել, երբ արդեն մահացած է եղել: Դատական փորձագետի այս եզրակացության հետ սպանության մեջ մեղադրվող 4 կուրսանտների պաշտպանները համաձայն չեն: Գլխավոր մեղադրյալի՝ գնդապետի որդու պաշտպանը փորձում էր դատարանում ապացուցել, որ Հայկազը կարող էր նաեւ ինքասպան լինել:

Արթուր Մկրտչյանը 19 տարվա մեջ առաջին անգամ է դուրս եկել կալանավայրից: Ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկված Արթուրը դատարանից պահանջում է պարտադրել պետական հանձնաժողովին քննարկել իրեն վաղաժամկետ ազատելու դիմումը, ինչը հանձնաժողովը չի անում՝ պատճառաբանելով, որ երկու անգամ նրա մոտ հեռախոս են հայտնաբերել: Դատապարտյալը բացատրեց՝ ինչու է արգելված հեռախոս պահել:

Դժբախտ պատահար Երեւանում: Բյուզանդի 99 հասցեում կիսակառույց բարձրահարկ շենքից երկաթե կտորն ընկել է աշխատակիցներից մեկի վրա: Նրան տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում՝ գանգուղեղային բաց վնասվածքով: Նախնական տվյալով՝ պատահարի պատճառն աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների խախտումն է:

Կոնդի նախկին բնակիչների համբերությունը հատել է: Ութ տարի առաջ նրանց տները քանդել են ու խոստացել են 2 տարում բնակարաններ հատկացնել: Սակայն առ այսօր 200 մարդ բնակվում է վարձով: Այսօր նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, որը խոստացել է զբաղվել նրանց հարցով: Եթե խոստումը չկատարվի, կոնդեցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, հոգնել են տարիներ շարունակ տնից տուն տեղափոխվելուց:

Հայ գործարարները պահանջում են մարտի 3-ը Հայաստանում հռչակել գործարարի օր: Այդ օրն է ծնվել մեծանուն հայ գործարար, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: Նրա ծննդյան 174-ամյակը այդ հարցը բարձրացնելու լավ առիթ էր:

Մոսկվայում վախճանվել է խորհրդային կինոյի ամենակոլորիտային դեմքերից մեկը՝ Նատալյա Կրաչկովսկայան։ Սրտի կաթված ստանալուց հետո դերասանուհին միացված էր արհեստական շնչառության ապարատին։ Հայ հանդիսատեսին նա առաջին հերթին հայտնի էր «Կտոր մը երկինք» ֆիլմից, իսկ ամենավառ դերերից են «Իվան Վասիլյեւիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Դարձեք իմ ամուսինը», «Չի կարող պատահել» ֆիլմերում կերտած կերպարները:

Միխայիլ Գորբաչովը վայելում է իր հետխորհրդային հանգիստը: 85-ամյա քաղաքական գործիչն իր ծննդյան տարեդարձի հավաքույթին դուետ է երգել Անդրեյ Մակարեւիչի հետ։

Մարտի 3-ին դոլարն ու եվրոն էժանացել են , ֆունտն ու ռուբլին ՝ թանկացել։ Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է  490, եվրոյինը   532,  ֆունտինը  փոխարժեքը   689, իսկ   ռուբլունը՝ 6.64 դրամ։

Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում մարտի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում այս գիշեր  կլինի  մինչև +8, վաղը ցերեկը` մինչև +21 աստիճան տաքություն: