Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այսօր՝ մարտի 5-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ «Երկրապահ կամավորների» միության անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ֆոտոռեպորտաժ):
Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին, ծաղիկներ դրեցին շիրիմին:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի ընտանիքից ներկա էր միայն եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: «Եռաբլուր» էին եկել նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 57 տարեկան: 1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Հայրենիքի պաշտպանությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար ժողովուրդը նրան կնքել էր «Սպարապետ» անունով:
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











