NEWS.am-ը ներկայացնում է մարտի 8-ի գլխավոր լուրերը՝ համառոտ:

Մարտի 8-ի ծաղկի փնջերի գները Երեւանում հասել են աստղաբաշխական բարձունքների: NEWS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է մինչեւ 850 հազար դրամ արժողությամբ ծաղկեփնջեր:

Հայ ֆեմինիստները մերժում են կարմիր խնձորի եւ մյուս բոլոր ավանդույթները, որոնք ոտնահարում են կնոջ իրավունքները: Մարտի 8-ին նրանք քայլերթով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով: Ակտիվիստներն ասում էին, որ հայ կինը խտրականության է բախվում դեռ չծնված, ծնողները սեռը իմանալուց հետո նրան զրկում են կյանքի իրավունքից: Սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ նրանք, ովքեր ծնվում են, ստիպված են լինում ամբողջ կյանքում պայքարել կարծրատիպերի դեմ:

Եվրոպայում խորացող միգրացիոն ճգնաժամը կասեցնելու հույսով Եվրամիության առաջնորդները գործարքի են գնացել Թուրքիայի հետ: Բրյուսելում երեկ արտահերթ գագաթնաժողովի արդյունքում կողմերը համաձայնության են եկել հարցը լուծել ներգաղթյալների փոխանակմամբ՝ մեկը մեկի դիմաց սկզբունքով: Այսպիսով՝ Թուրքիա կվերադարձվի այս երկրի սահմանով Հունաստան մտած յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալ, փոխարենը ԵՄ-ը կընդունի մեկ սիրիացի ներգաղթյալի Թուրքիայից: Անկարայի համաձայնությունը եվրոպացիների վրա էժան չի նստի՝ եւս 3 միլիարդ եվրոյի ֆինանսավորում, նաեւ առանց վիզայի ռեժիմ Թուրքիայի հետ:

Բոստոնի ահաբեկչությունից հրաշքով փրկված երիտասարդ աղջիկը ճակատագրի հեգնանքով երեք տարի անց մահացել է ավտովթարից Դուբայում: Ոստիկանի գրկում գտնվող արյունլվա աղջկա այս լուսանկարը դարձել էր Բոստոնի ողբերգական դեպքերի խորհրդանիշ: Դրանից հետո 20-ամյա աղջկա մասին իմացել էր ամբողջ աշխարհը: Նրա փրկության պատմությունը ուժ էր տվել շատերին հաղթահարելու մարաթոնի ժամանակ հնչած արյունալի պայթյունների մղձավանջը:

Մարտի 8-ին ոստիկաններն ու փրկարարները հիմնականում արձագանքել են զավեշտալի ահազանգերի: Կեսօրի մոտ մի երիտասարդ Հրազդանի կիրճում գետն անցնելիս բարձրացել է ճյուղի վրա, որտեղից կարողացել է իջնել միայն փրկարարների օգնությամբ: Մի տղամարդու մտքով էլ անցել էր տոնական օրով հեծնել Քուռկիկ Ջալալիին: Սասունցի Դավիթի արձանից 58-ամյա հարբած տղամարդուն փրկարարներն իջեցրել են  ավտոսանդուղքով:

Գյումրիի անօթեւանների օգնելու նպատակով աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը բարեգործական աճուրդի է հանել իր մակագրած վերնաշապիկը: Այդ վերնաշապիկով նա մասնակցել է մի շարք համերգների: Աճուրդի են հանվել նաեւ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի մարզակոշիկները, որով նա մասնակցել է 2012թ. օլիպիական խաղերին, նաեւ նրա հոր՝ Լեւոն Ջուլֆալակյանի  մարզակոշիկները, որոնցով նա նախապատրաստվել եւ օլիպիական չեմպիոն Է դարձել 1988թ. խաղերին:

94 տարեկանում մահացել է արամուսցի Վազգեն պապիկը, որը հայտնի էր դարձել «Գազար» երգի իր խիստ կոլորիտային կատարումով: 2007 թվականին ստեղծված գազարի մասին նրա երգը երկար ժամանակ դուրս չէր գալիս հայկական հիթ շքերթներից:

Դոլարի, ռուբլու, եվրոյի ու ֆունտի փոխարժեքները նույնն են մնացել:  Դոլարի առքը կազմել է 489, վաճառքը՝ 493 դրամ: Եվրոյի առքը՝ 533, իսկ վաճառքը՝ 543 դրամ։ Բրիտանական ֆունտի առքը՝ 686, վաճառքը՝ 702 դրամով: Ռուբլու առքը միջինը 6,63 դրամ է եղել, վաճառքը 6,9 դրամ։

Հայաստանի տարածքում, նաև մայրաքաղաքում մարտի 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:  Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի  մինչև 7, վաղը ցերեկը` մինչև 18 աստիճան տաքություն: