Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նա հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մարտի 8-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն ներխուժման փորձ է արել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կասեցրել է առաջխաղացումը հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կորուստներ տալով նահանջել է: Հայկական կողմը կորուստներ չունի:
Մարտի 9-ին Հայաստանում գրանցվել է երկրաշարժ: 3-4 բալ ուժգնությամբ ցնցումը ժամը 16.13-ին զգացվել է Ստեփանավանում եւ մոտակա բնակավայրերում:
Բարգավաճ Հայաստանում սրվել են ներկուսակցական խմորումները: Վահան Բաբայանը մտադիր է լքել կուսակցությունը: Խոսակցություններ կան, որ նրան կհետեւեն նաեւ Միքայել Մելքումյանը եւ Աբրահամ Մանուկյանը, չնայած վերջինները հերքում են: Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ նրանց հարաբերությունները, ասում են, սրվել են կոալիցոն նկրտումների պատճառով: Պատգամավորները պնդում են, որ ԲՀԿ-ն հիմա արդեն պետք է փորձի կոալիցիայի առաջարկ ստանալ ՀՀԿ-ից, մինչդեռ Զոհրաբյանը կողմ է, որ սպասեն 2017թ. ընտրությունների արդյունքներին:
26-ամյա Մերի Մարգարյանի մահվան գործով երկրորդ բժշկին է մեղադրանք առաջադրվել: Մանկաբարձ Անի Բաբելյանը հերթապահ է եղել հուլիսի 25-ին, եւ հրաժարվել է հոսպիտալացնել բարձր ջերմությամբ հիվանդանոց դիմած՝ 34 շաբաթական հղի կնոջը: Տուժող կողմը փորձելու է հասնել նրան, որ մեղադրանք առաջադրվի նաեւ հուլիսի 27-ին հերթապահած մանկաբարձին, նաեւ ծննդատան բաժանմունքի վարիչին, տնօրենի տեղակալին: Ի դեպ, բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որը գործով գլխավոր մեղադրյալն է, շարունակում է աշխատել Շենգավիթ բժշկական կենտրոնում:
Գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում: 33-ամյա Մուրադ Աբրահամյանն իր վարած Mazda-ով բախվել է Mitsubishi-ին, որը 28-ամյա Գոհար Գաբրիելյանը կայանել էր անթույլատրելի վայրում: Mazda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը, ապա բախվել էլեկտրասյանը: Վարորդն անվնաս է, իսկ նրա մեքենայի ուղեւորուհին եւ Mitsubishi-ի կին վարորդը հիվանդանոցում են:
Ոստիկանությունը փնտրում է տեսանյութի այս երկու տղամարդկանց: Չկասկածելով, որ նկարահանվում են, նրանք Տերյան փողոցի խանութներից մեկում գանձապահի սեղանից գողացել են բջջային հեռախոս:
Եվրամիության և Թուրքիայի գործարքը քննադատության ալիք է բարձրացրել Եվրոպայում: Հեղինակավոր վերլուծաբանները դատապարտում են Եվրամիության առաջնորդներին` հատկապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ` նշելով, որ Թուրքիան մատի վրա խաղացնում է Եվրոպային։ Նրանց անթույլատրելի է թվում , որ Բրյուսելը միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու հույսով օգնություն է ակնկալում մի պետությունից, որն ինքն է իր երկրում ոտնահարում ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Ապրիլի 21-ից առաջին թռիչքը կիրականացնի Արմենիա ավիաընկերությունը, որը հայկական նոր եւ այս պահին միակ ավիափոխադրողն է: Վրացի բաժնետերը խոստացել է՝ տոմսերի գները բարձր չեն լինի, աշխատանքի էլ կընդունվեն միայն հայ օդաչուները, կփորձեն Հայաստան վերադարձնել դրսում աշխատող մասնագետներին: Ընկերությունը թռիչքները կսկսի 3 Բոինգն օդանավերով, եւ մինչեւ տարվա վերջ դրանց թիվը կհասցնի 8-ի:
Երեւանի կենտրոնում այսօր 40 թափառող, ամլացված եւ պատվաստված շներ են բաց թողել: Յունիգրաֆն իր այս ցուցադրական միջոցառմամբ փորձում է հերքել կենդանասերների մեղադրանքները, թե իրենք շներին ամլացնելու փոխարեն դաժանաբար սպանում են: Կենդանիների պաշտպաններին այս շոուն չի համոզել: Նրանք նկատել են, որ Յունիգրաֆի բաց թողած ոչ բոլոր շների վրա կան վիրահատական հետքեր:
Զիկա վիրուսը կարող է դուրս գալ Լատինական Ամերիկայից ու տարածվել աշխարհի մյուս տարածաշրջաններում՝ նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նման հոռետեսական կանխատեսման պատճառն այն է, որ վիրուսն սկսել է ավելի շատ տարածվել սեռական ճանապարհով, քան սպասվում էր:
Մարտի 9-ի գիշերը բնության եզակի երեւույթ է գրանցվել՝ արեւի ամբողջական խավարում, որը տեսանելի է եղել Հարավարեւելյան Ասիայի բնակիչներին: Ամբողջական խավարումը շարունակվել է երկու րոպե: Խավարման այս կադրերը ՆԱՍԱ-ն է հրապարակել:
Եվրատեսիլին Հայաստանի այս տարվա մասնակիցը իր վրա է սեւեռել համաշխարհային մամուլի ուշադրությունը: Իվետա Մուկուչյանի երգը եւ կատարումը համեմատում են համաշխարհային աստղերի հետ, նրան համարում են այս տարվա ամենահմայիչ մասնակիցներից մեկը, իսկ երգը՝ ամենահաջողվածներից մեկը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի այս տարվա հայտը դիտարկվում է որպես ֆավորիտ:
Հայաստանի տարածքում մարտի 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի մինչև 7, վաղը ցերեկը` մինչև 18 աստիճան տաքություն։
Այսօր դոլարը, եվրոն ու ռուբլին աննշան են թանկացել, իսկ ֆունտը՝ զգալիորեն։ Եվ այսպես՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 490, եվրոյինը՝ 538, բրիտանական ֆունտինը՝ 698 , իսկ ռուսական ռուբլունը 6.79 դրամ։











