Արարատի Շահումյան գյուղի 41-ամյա բնակիչ Գրիգոր Ասլանյանը 25 տարի առաջ մաքրելով իր տան դիմաց գտնվող աղբավայրը` այն վերածել է «փրկված» մշակութային նմուշների թանգարանի: 41-ամյա տղամարդը երիտասարդ ժամանակ ցանկացել է նկարել աշխարհի ամենամեծ նկարը, սակայն այդ չափսի կտավ չգտնելով` որոշել է գետնին նկարել այն. նա մաքրել է իրենց տան դիմաց գտնվող հսկայական աղբավայրը եւ հենց այդ օրվանից որոշել տարածքը վերածել բացօթյա թանգարանի:

Երբ նոր է սկսել աղբավայրը մաքրել, այն թանգարանի վերածելու նպատակով, տան անդամները դեմ են եղել, սակայն ժամանակի ընթացքում սկսել են Գրիգորի յուրահատուկ հոբբիին ըմբռնումով մոտենալ եւ նույնպես օգնել նրան: Թանգարանում ներկայացված են Հայաստանի մշակութային հին նմուշներ, որոնց մեծը մասը Գրիգորը գտել ու հավաքել է Հայաստանի տարբեր շրաջանների աղբավայրերից եւ բնակիչներից:

«Այդ տարածքը ջրամբար էր, հետո ցամաքել էր ու վերածվել աղբավայրի: Այս ամենը ստեղծելը շատ բարդ ու միեւնույն ժամանակ շատ պարզ է եղել` բարդ էր, որովհետեւ ես այս ամենը հավաքել եմ աղբանոցներից, Հայաստանի տարբեր շրջաններից, մարդկանց խնդրել եմ, որ չնետեն, պահեն, կգնամ կվերցնեմ: Այն ինչը որ պետք է աղբ դառնար, այսօր դարձել է բացօթյա թանգարանի եզակի նմուշ եւ ներկայացնում է մեր ազգի մշակույթը»,-ասում է Գրիգորը:

Ի նշան Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիի հազար ու մի եկեղեցիների` Գրիգորը որոշել է բացօթյա թանգարանում իր իսկ ձեռքով քանդակած 1001 խաչքարով կառուցել եկեղեցի:

«Քարերը գտել եմ աղբանոցներից, բերել եմ տուն եւ ընդամենը մեկ գործիքով` քար տաշելու ուրագով, խաչքար եմ քանդակել: Այժմ 718 խաչքար ունեմ եւ հենց քանդակեմ 1001-րդը` կառուցելու եմ եկեղեցի, որի ճակատային մասը միայն խաչքար է դրվելու, իսկ ներսի կողմից լինելու է տուֆ»,-ասում է 41-ամյա տղամարդը:

Հայաստանի բրուտագործության կենտրոններից մեկը համարվող Շահումյան գյուղի կարասների մեծ մասը Գրիգորի ստեղծած «Թանգարան բաց երկնքի տակում» է: Տղամարդը կատակով ասում է, որ գյուղում արդեն կարաս չի մնացել, բոլորն իր թանգարանում են. «Կարասների մեծ մասը մեր գյուղից է, բայց Հայաստանի տարբեր շրջաններից էլ եմ բերել: Մարդիկ ցանկացել են նետել, իմացել եմ, խնդրել եմ, որ տան ինձ: Հիմա արդեն իմանալով, որ հավաքում եմ, բերում տալիս են: Բայց կարասների մեծ մասը մեր գյուղից եմ հավաքել, էստեղ շատ կա, համարյա ինչքան կարաս կար, արդեն ինձ մոտ է, գյուղում չկա էլ կարաս»:

Այն իրերը, որոնք դրսում հնարավոր է` փչանան, Գրիգորը պահում է իր տանը, իսկ մնացածները բացօթյա թանգարանում են: Նրա ստեղծած թանգարանի մասին գիտեն ինչպես հայաստանցիները, այնպես էլ օտարերկրյա հյուրերը, որոնք գալիս են տեսնելու գետնափոր խրճիթները, թոնրատունը, խաչքարերը, մատուռը, հին հայկական կարպետները, մաշիկներն ու տարազները: