Ապրիլի 7-ին Հայաստան է այցելելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Հաջորդ օրը Երեւանում կլինեն ԵՏՄ վարչապետերը: ԵՏՄ խորհրդի նիստի շրջանակում կքննարկվի Հայաստանին մատակարավող ռուսական գազը զեղչելու հնարավորությունը՝ այսօր Ազգային ժողովում ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետին հարցրել են նաեւ ներքաղաքական ամենաթարմ թեմայից՝ Վարդան Օսկանյանը կուսակցությունը: Որքան շատ կուսակցություն մասնակցի ընտրություններին, այդքան թափանցիկ կլինեն ընտրությունները: Իսկ Օսկանյանի կուսակցության եւ Քոչարյանի միջեւ հնարավոր կապը նրան չի հետաքրքրում: Վերջում վարչապետն անդրադարձավ իր մասին քաղաքական բամբասանքներին:
Այսօր Ազգային ժողովում քննադատությունների թիրախում Արտակ Շաբոյանն էր: Օրակարգում նրա ղեկավարած ՏՄՊՊՀ-ի 2016թ. ծրագրի քննարկումն էր, հարցեր հնչեցին տնտեսության ամենացավոտ թեմաներից: Հրանտ Բագրատյանը նկատեց՝ նոր Սահմանադրությունում ասվում է, որ շուկայում մենաշնորհն ու գերակա դիրքը պետք է կարգավորվեն օրենքով։ Սակայն երեք ամիս անց Շաբոյանը դեռ նոր հակամենաշնորհային օրենք չի բերել խորհրդարան:
Արամ Մանուկյանը շարունակեց նրա միտքը՝ Հայաստանում ընդհանրապես ազատ շուկա չկա, ազատ է միայն տաքսիների ոլորտը եւ եւս մեկը, որի անունը տալուց առաջ պատգամավորը մի պահ պաուզա վերցրեց:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց բրենդային խանութների անազնիվ գնային քաղաքականության մասին. զեղչեր անելուց առաջ գները բարձրացնում են, հետո նույնքանով զեղչում:
Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանը ոչ մի կիլոգրամ ճակնդեղ չի մթերել, ինչը ապացուցում է իր համոզմունքը, որ Ալեքսանյանը շաքարը ոչ թե արտադրում է, այլ ներմուծում՝ օգտվելով արտադրողի արտոնություններից:
Տնտեսական մրցակցության ոլորտում թույլ կետերն այնքան շատ են, որ Ջհանգիրյանը զարմացավ՝ ինչպես է Շաբոյանը համաձայնել այդ պաշտոնը ստանձնել:
Երբ հերթը հասավ արագաչափերից ստացվող եկամուտներին, կրքերը թեժացան, պատգամավորների բառապաշարն էլ հարստացավ: Նիկոլ Փաշինյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց:
Ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան եւ Կիպրոս: Նիկոսիայում նախագահին ընդունել է նրա կիպրացի գործընկեր Նիկոս Անաստասիադիսը: Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ առանձնազրույցից հետո ասել է Կիպրոսի նախագահը: Նշենք, որ Կիպրոսի իշխանությունները մտադիր են արգելափակել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսը՝ որպես անկախ պետություն։
Ամալ Քլունիին ստիպված է եղել հրապարակավ հերքել հայկական արմատներ ունենալու լուրերը, որոնք պարբերաբար տարածում են Ալիեւի թիմակիցները: Ես հայ չեմ, բայց չեմ հասկանում, թե ազգությունն ընդհանրապես ինչ կապ ունի՝ ասել է հայտնի փաստաբանը: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնելուց հետո սկզիբ առած խոսակցությունները նոր թափ ստացան, երբ դերասան Ջորջ Քլունիի կինը որոշեց պաշտպանել ադրբեջանական ռեժիմի կողմից հալածվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը:
Երեւանում տարադրամի փոխանակման կետի վրա զինված հարձակում է եղել: Անհայտ դիմակավորված անձը մոտեցել է աշխատակցին, պահանջել, որ իրեն տա ամբողջ գումարը եւ կրակել օդ: Հարեւանությամբ գտնվող խանութի աշխատողները աղմուկ են բարձացրել, ինչից հետո դիմակավորված անձը եւս մի քանի կրակոց է արձակել, որոնցից մեկը` տարադրամի փոխանակման կետի աշխատակցի ուղղությամբ, ապա նստել է մեքենան ու փախուստի դիմել: Տարադրամի փախանակման աշխատակիցը չի վնասվել, հանցագործին որոնում են:
Խոշոր փլուզում է եղել Երեւանի Սարալանջի պողոտայում: Փլվել է բնակելի շենքերը պողոտայից բաժանող բետոնե հենապատը, որը մի քանի տարի առաջ էր շահագործման հանձնվել: Փլուզման հետեւանքով կարող էին տուժողներ լինել, եթե դեպքը լուսադեմին տեղի չունենար: ԱՆզեն աչքով երեւում է, որ պատճառը թերի կառուցապատումն է: Արմատուրա չկա՝ փլվածքը տեսնելով զարմացել էին հարակից տարածքում աշխատող շինարարները: Քաղաքապետարանը միայն օրվա վերջում պազրեց, թե ով է կառուցապատողը՝ ինչ որ մասնավոր շինարարական կազմակերպություն՝ «Մեվրիկար»:
Ստամբուլում թալանել են հայտնի հայ բժշկի տունը: Անհայտ անձինք 77-ամյա Հակոբ Կոթողյանի առանձնատուն են մտել կեսօրին, նրա կինը հրաժարվել է ասել չհրկիզվող պահարանի գաղտանաբառը, սակայն չդիմանալով կտտանքներին՝ ի վերջո տեղի է տվել: Գողերը նրանց պահարանից 540 հազար դոլար են տարել:
Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Դանիան է: ՄԱԿ-ի կազմած զեկույցում երջանիկ երկրների առաջին տասնյակում են նաեւ Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան։ Հայաստանը 121-րդն է, Վրաստանը՝ 126-րդը: Զեկույցը կազմել են՝ հաշվի է առնելով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եւ բնակիչների լիովին առողջ ապրած տարիների միջին թիվը։
Ստալինի արժանի ժառանգը: Համացանցում տարածվել է խորհրդային բռնապետի հարազատ թոռնուհու լուսանկարները: Չնայած իր ագրեսիվ կերպարին՝ 43-ամյա էվանսը բացասաբար է վերաբերվում իր տխրահռչակ պապին:
Ավստրալիայում հարյուրավոր հեծանվորդներ մերկացել ու փողոց են դուրս եկել: Այդ կերպ նրանք ուշադրություն են հրավիրել հեծանվորդների անվտանգության խնդիրներին:
Դոլարը, ռուբլին, եվրոն ու ֆունտն էժանացել են։ Ընդ որում ֆունտը՝ զգալիորեն գրեթե 13 դրամով։ Այսպիսով՝ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 487, եվրոյինը՝ 539, ֆունտինը՝ 690, իսկ ռուբլունը՝ 6.89 դրամ։
Մարտի 17-ին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով: Երեւանում տեղումների հավանականությունը փոքր է: Այս գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, իսկ վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն։











