ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբա այցի նախօրեին կուբացի հայտնի արտիստ Լուիս Սիլվայի հետ երգիծական հոլովակ է նկարահանել: Այն հրապարակվել է Կուբայում ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում:

Տեսանյութում Սիլվայի հերոս ծերուկ Պանֆիլոն զանգահարում է «Կասաբլանկա» օդերեւութաբանական կայան, որպեսզի իմանա ԱՄՆ-ի եւ Կուբայի բեյսբոլի թիմերի միջեւ խաղի ժամանակ եղանակի տեսությունը, որին ներկա է լինելու Բարաք Օբաման:

Սակայն Պանֆիլոյի հետ կապվելու փոխարեն նա Սպիտակ տուն (Casa Blanca) է զանգահարում: Նախ Սիլվայի հերոսը չի հավատում, որ խոսում է անձամբ ԱՄՆ նախագահի հետ: Այնուհետեւ Պանֆիլոն Օբամային կոչ է անում շատ իրեր չվերցնել՝ Հավանայի օդանավակայանում երկար չսպասելու համար, ինչպես նաեւ առաջարկում է օդանավակայանում նրան դիմավորել 1958 թվականի արտադրության «Շեւրոլե»-ով: «Իսկ եթե ավելի ժամանակակից մեքենա եք ուզում, կարող եմ ձեզ դիմավորել «Մոսկվիչ»-ով»,- հավելում է դերասանը՝ պարզաբանում է, որ այն ԱՄՆ նախագահի լիմուզինի տեղական տարբերակն է:

Ըստ Lenta-ի, Սիլվայի հերոսը նաեւ Օբամային առաջարկում է կնոջ՝ Միշելի հետ իր տանը գիշերել՝ հանուն դրա պատրաստ լինելով նույնիսկ զիջել իր մահճակալի կեսը: Նա նաեւ նախագահին առաջարկում է միասին դոմինո խաղալ եւ գարեջուր խմել:

Օբաման Հավանա է մեկնելու մարտի 20-ին: Նա վերջին 90 տարիների ընթացքում կղզի այցելած ամերիկյան առաջին նախագահը կդառնա: