Ընտրատեղամասերում լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայության սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի դրույթի մասով կարծես նոր փոխզիջումային մոտեցում է գտնվել: Այս մասին մարտի 22-ին հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ:
Նրա խոսքով, հիմնական մտահոգությունն այն էր, որ վստահված անձը կարող է ընտրատեղամասում հայտնվել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ: «Կարող ենք ընդհանրապես հանել լրագրողների թվի սահմանափակումը, բայց սահմանափակել յուրաքանչյուր լրատվամիջոցի ներկայացուցիչների թիվը, օրինակ որպեսզի յուրաքանչյուր լրատվամիջոց ունենա առավելագույնը 50 լրագրող, որն իրավունք կունենա մտնել ընտրատեղամասեր»,- պարզաբանել է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԸՕ նախագծով ընտրատեղամասում լրագրողների ու դիտորդների թիվը սահմանափակվում է 8-ով:











