Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի բնակիչ Վարդան եւ Արթուր Փայտյանները 8 ամիս է ՝դարբնությամբ են զբաղվում: Եղբայրները մինչեւ դարբնության հետ ընդհանրապես կապ չունեցող գործով էին զբաղված: 34-ամյա Վարդանը համակարգչային օպերատոր էր, 28-ամյա Արթուրը առեւտրով էր զբաղվում: Մեկ տարի առաջ երկուսն էլ կորցրին աշխատանքը եւ որոշեցին, որ հետագայում նույն վիճակում չհայտնվելու համար ավելի ճիշտ է սեփական գործը սկսել, զբաղվել մի բանով, որը սիրում են:
Վարդանը մանկուց երկաթի հետ աշխատելու սեր ուներ: Իրենց տան բակում եղբայրները դարբնոց բացեցին:
«Երկաթի, փայտի, առհասարակ բնական նյութի հետ աշխատել շատ եմ սիրում, դրանցից կարելի է ամեն ինչ ստանալ: Եղբորս հետ որոշեցինք էս գործը դնել, որ կարողանանք ընտանիք պահել»,- ասում է Վարդանը:
Երկաթից գրեթե ամեն ինչ են ստանում ՝ վարդեր, խաչեր, մանղալներ, ճաղավանդակներ, ճոճանակներ, նստարաններ, նույնիսկ հուշանվերներ:
«Մի անգամ պատվիրեցին նռով ու խաչով հուշանվեր պատրաստել. շատ օրիգինալ բան ստացվեց, ուղարկեցին արտասահման»,- ասում է Վարդան Փայտյանը:
Ինչպես երիտասարդ դարբինն է նշում՝ հայերը շատը մանղալ են գնում: «Ուտող-խմող ազգ ենք»,- ասում է նա, բայց եւ նկատում է, որ երկաթից ապրանքների պահանջարկն օրեցօր նվազում է:
«Ընդհանուր ամեն ինչն է վատ վաճառվում. հացի պահանջարկն է նվազել, երկաթից ապրանքներինը ո՞նց չնվազի: Վաճառքի գնով հազիվ իր ծախսերն ենք կարողանում հանել»,- նշում է նա:
Այնուամենայնիվ, եղբայրները հույսները չեն կտրում, որ որոշ ժամանակ անց առեւտուրը կակտիվանա եւ սիրելի գործն այնքան եկամուտ կապահովի, որ կդադարեն մտածել հայրենիքից դուրս օրվա հացը վաստակելու մասին:
«Մինչեւ շատ չվատանա, չեմ գնա իմ երկրից: Էս գործը սկսել եմ, որ չգնամ, ուրիշի հողն ընկնեմ, իմ գումարն իմ հայրենիքում աշխատեմ, ապրեմ»,- նշում է նա:











