Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր՝ ապրիլի 1-ին, տեղի է ունեցել ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի քարոզարշավը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Միքայելյանին ուղեկցել է նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը, որը, ողջունելով ներկաներին, նշեց՝ Հրազդանում այնքան խնդիրներ կան, որ տպավորություն է ստեղծվում, թե քաղաքում առհասարակ քաղաքապետարան չի գործում:
«Այսօր առավոտյան շրջում էի քաղաքի փողոցներում, որտեղ մարդիկ են հավաքված ու հարցրի, թե ինչ կարծիք ունեն ընտրությունների մասին եւ ում կընտրեին: Պատասխանեցին, որ նրան, ով ժողովրդի համար լավ բան կանի: Ասացի, որ ուրեմն միանշանակ կա մի թեկնածու, ում չեք ընտրի: Հրազդանի կայքը մի հոլովակ է գցել ու գրել` Հրազդանը 2000թ-ին: Բայց ուշադիր նայելով հոլովակին` ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ դա մեկ շաբաթ առաջ էր արված և նույնիսկ եթե 2000թ.-ի է, ավելի վատ, ուրեմն Հրազդանում 16 տարի ոչինչ չի փոխվել»,-իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Սասուն Միքայելյանի ընտրվելու դեպքում Հրազդանում չի լինելու չգործող վերելակ, չի լինելու կաթացող տանիք:
«Քաղաքապետը հայտարարում է, որ Հրազդանում գործում է 131 վերելակ, բայց Կոտայքի մարզպետարան հղած իմ հարցմանը` մարզպետի կնիքով, ինձ պատասխանում են, որ Հրազդանում գործում է 93 վերելակ: Քայլում եմ փողոցներով, էս ի՞նչ վիճակում է գտնվում քաղաքը: Մենք հարկ ենք համարում նշել, որ եթե քաղաքապետը վատ է աշխատում, նրան պետք է ազատենք, քանի որ վատ աշխատողին ազատում են»,-ասաց Փաշինյանը:
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը հավաքվածներին հայտնեց, որ իրենք բոլոր տեղամասերում վստահված անձիք են ունենալու, եւ պաշտպանելու են յուրաքանչյուր հրազդանցու քվեն՝ չնայած որ «Արամ Դանիելյանը հաղթաթուղթ է դարձրել, թե Նիկոլ Փաշինյանը հրազդանցի չէ»:
Քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանն իր ելույթը սկսեց այն դիտարկմամբ, որ հրազդանցու միջից պետք է վերացնել վախի մթնոլորտը եւ ընտրակաշառքներից զերծ մնալ, քանի որ դրանց դիմաց հրազդանցին հետո շատ թանկ է վճալելու:
«Էսօր ես ձեզանից ընդամենը մի քվե եմ ուզում, որ փոխեմ ձեր կյանքը: Ես արդեն նյարդայնանում եմ` տեսնելով էս ավերակ քաղաքը: Եթե ես եկել եմ ու խանգարում եմ Դանիելյանին, որ քաղաքը զարգացնի, ապա դուք տեսնում եք, ականատես եք ձեր մայթին, ձեր փողոցին, մանկապարտեզին, տանիքին: Խնդրում եմ, ցույց տվեք մի նորմալ բան ու ասեք, որ էս 14 տարվա մեջ քաղաքապետն էս գործն արելա, ուրեմն ամոթ ինձ, որ չեմ տեսնում: Էսօր քաղաքապետ փոխողը դուք եք, ժողովուրդ ջան: Մի՞թե 14 տարում հնարավոր չէր Հրազդանի մանկապարտեզներից գոնե 6-ը բարեկարգել»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը խոստացավ հիմքեր ստեղծել, որպեսզի հրազդանցի երիտասարդները Հրազդանում ապագա ունենան:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են 3 թեկնածուներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ակամ Արամ Դանիելյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:











