Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ ապրիլի 4-ին, մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհվածների հիշատակը:

«Վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ, ահաբեկչական գործողությունների արդյունքում լայնածավալ գործողություններ են սկսվել շփման գծում: Ցավոք սրտի, մենք ունենք մարդկային կորուստներ թե քաղաքացիական բնակչության, թե մեր հերոս զինծառայողների շրջանում»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ ԱԺ խմբակցությունները երեկ համատեղ քաղաքական հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը ողջ երկայնքով:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։