Ի տարբերություն ադրբեջանցի զինվորի՝ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք գիտեինք, որ Բաքուն մի օր նորից դիմելու է արկածախնդրության, գերագնահատելու է իր ուժերը, թերագնահատելու է մեր ուժերը եւ փորձելու է իր կարծիքով արագ ծնկի եկած հակառակորդին վերացնել: Սա նորություն չէ եւ նորություն չէ, որ մենք արձանագրեցինք այն համախմբումը, որը միշտ էլ դրսեւորել ենք ծանր պահերին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, ի տարբերություն ադրբեջանցի զինվորի, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։











