Պետք է իրարից տարբերել պայմանավորվածություններն ու պայմանագրերը. գոյություն ունի մեկ պայմանագիր՝ 1994 թվականի զինադադարի հաստատման պայմանագիրը, որը գործում է մինչեւ հիմա, իսկ քանի որ Ադրբեջանը խախտում է այդ պայմանագիրը, հետեւաբար կան պայմանավորվածություններ՝ նրան հետ բերելու այդ դաշտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բոլոր կողմերը, որոնք ստորագրել են այդ պայմանագիրը, պետք է հետեւեն դրա ոգուն եւ տառին: Ադրբեջանն, իհարկե, պարբերաբար խախտում է այդ պայմանագիրը, հետեւաբար կան պայմանավորվածություններ նրան հետ բերելու այդ դաշտ: Քանի որ զինադադարի պայմանավորվածությունը պահպանվում է Արցախի եւ Ադրբեջանի ուժերի միջեւ, բնական է, որ չի կարող այնպես լինել, որ Արցախը մասնակից չլինի: Այսինքն սա ընդհանուր գործընթաց է, որտեղ բոլորն էլ մասնակցում են»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքին, Դավիթ Բաբայանն ասել է. «Մենք ողջունում ենք նրանց հայտարարությունը, որովհետեւ այնտեղ հստակ նշված է, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ առանց բռնությունների: Ճիշտ է, ունենք որոշ վերապահումներ. մենք գտնում ենք, որ պետք է ավելի հասցեական լինի, եթե Ադրբեջանն է խախտում, նրա նկատմամբ պետք է միջազգային հանրությունը վերաբերմունք արտահայտի, բայց կարծում ենք, որ սա ժամանակի խնդիր է: Դուք գիտեք, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են գալ տարածաշրջան, այդ ժամանակ կքննարկենք ավելի կոնկրետ խնդիրներ»,-ընդգծել է Բաբայանը:











