Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ ականանետեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Անցած գիշեր եւ առավոտյան ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ղարաբաղյան հակամարտության գոտում երկրորդ օրն անընդմեջ շարունակվել են զոհվածների մարմինների հայտնաբերման եւ դուրսբերման աշխատանքները։ Պայմանավորվածության համաձայն՝ ժամը 15։00-ից 18։00-ը կողմերը դադարեցրել են մարտական գործողությունները եւ շարունակել աշխատանքները ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սպանվածների դիերը գտնելու ու վերադարձնելու եւ անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: Ապրիլի 8-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ երկու զինծառայողների` կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի եւ շարքային Անդրանիկ Զոհրաբյանի դիերը: Այսպիսով՝ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 46-ի, անհետ կորածներինը՝ 19-ի։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հայկական կողմը ինտենսիվ երկխոսություն է վարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Կասպրշիկի ու ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ զոհվածների դիերի ու, եթե այդպիսիք կան, նաեւ գերիների փոխանցումը «բոլորին բոլորի հետ» սկզբունքով իրականացնելու համար։ Սակայն ադրբեջանական կողմը չի շտապում համաձայնել այդ սկզբունքին: Ենթադրաբար, պատճառն այն է, որ ադրբեջանական զինվորների կողմից Ժնեւյան հռչակագրերի ու Միջազգային հումանիտար իրավունքի խախտումների փաստերը կդառնան ակնհայտ։
ՊԲ ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանը զոհվել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Չբավարարվելով Քյարամին սպանելով, ադրբեջանցի զինվորականները կտրել են նրա գլուխը, լուսանկարվել գլուխը ձեռքներին եւ լուսանկարը տեղադրել համացանցում: Քյարամի մորը չեն ասել, թե ինչպես է զոհվել նրա որդին։ Հուղարկավորությունն անցել է փակ դագաղով։
Տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում: Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը։ Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ այդ խնդրով իրենք հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ ուղարկել են նրանց բոլոր տվյալները՝ ճշտելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտել հետաքննել, թե որ կողմն է ռազմական գործողությունները սկսել առաջինը եւ ով է պատասխանատու դրա համար: Նման հայտարարությամբ Երեւանում հանդես է եկել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, հատկապես որ նախկինում մասնակցել է:
Մինչեւ լրագրողների հարցերին պատասխանելը համանախագահներին ընդունել են նաեւ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը։ Կարեւորվել են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտափույթ ներդրումն ու բանակցությունների վերսկսումը:
Հարյուրավոր հայ ցուցարարներ համանախագահներին ԱԳՆ շենքի դիմաց դիմավորել եւ ճանապարհել են ՀՀ եւ ԼՂՀ դրոշներով, «Ճանաչում», «Ղարաբաղը մերն է» եւ «Recognize Artsakh» վանկարկումներով, «Stop terrօrism», «Ալիեւ մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» պաստառներով։ Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Մինսկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ։ Միաժամանակ քանի տասնյակ երիտասարդներ նույն պահանջներով նամակներ են հանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին:
Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:
Ապրիլի 9-ի դրությամբ Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում վիրավորված 36 զինծառայող։
Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ ծանր։ Մյուսների վիճակը բավարար է եւ բավարարին մոտ։
Իսրայելը մարտի 31-ին Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները եւ դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին: Թեեւ Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որեւէ կողմի, այն ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի»,- ասել է իսրայելցի ռազմական փորձագետը։
ԼՂՀ պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից մարտադաշտում թողած հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների համար նախատեսված համազգեստի, կապի միջոցների և զինամթերքի պարագաները:
Թալիշի ամենածեր բնակիչը 104-ամյա Հայկան է։ Նրա ադրբեջանական ագրեսիայից փրկել է թոռը, որը տատին շալակած դուրս է բերել հրթիռակոծվող գյուղից։ Սարգսյանների 10 հոգանոց ընտանիքը համընդհանուր խառնաշփոթի մեջ 3 տարբեր ուղղություններով հեռացել էր գյուղից, եւ միայն օրեր անց կարողացել միմյանց գտնել Ստեփանակերտում:
Հայկ Օսկոմյանը 3 օրական է, ծնվել է ոչ թե հայրենի Արցախի Մարտակերտի շրջանում, այլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Մայրը՝ Քնարիկ Հարությունյանը, պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ հրետակոծված Մարտակերտից, գալ հասնել Կարբի եւ լույս աշխարհ բերել 3-րդ որդուն՝ Հայկին: Ապրիլի 5-ը Քնարիկի համար նշանավորվել է ոչ միայն երրորդ որդու ծնունդով. նույն օրը զինծառայող ամուսինը զանգել ու հայտնել է, որ մի քանի ժամ է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցվել է:











