Ադրբեջանական զորքերը ապրիլի 2-ին հարավ-արեւլյան հատվածում դիրքային առավելություն են ունեցել, սակայն Պաշտպանության բանակի տանկային վաշտի կողմից հետ են շպրտվել՝ կորուստ տալով չորս տանկ: Այս մասին հաղորդում է «Արցախ TV»-ն:
1-ին տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արման Ադամյանը «Արցախ TV»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ անձնակազմը հակառակորդի առաջխաղացումը կանխելու եւ նրա զինտեխնիկան ոչնչացնելու մարտական առաջադրանքը փայլուն կերպով է կատարել: «Մարտական գործողություններին մասնակցել են բոլոր տանկիստները: Անձնակազմում բոլորն էլ հերոսներ են, որեւէ մեկին առանձնացնել չի կարելի, ամեն մեկն իր առջեւ դրված խնդիրը կատարել է»,-ասել է Արման Ադամյանը:
Տանկի հրամանատար, սերժանտ Արագած Աբրահամյանը, որն իր անձնակազմի մեխանիկ, վարորդ Արթուր Գրեյանի եւ նշանառու Միքայել Մովսեսյանի հետ մեկ արկով խոցել է հակառակորդի T90 տանկը, ասում է՝ հիմա էլ են պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգություն կանխելու: «Թող կարիքը չլինի, բայց եթե կարիքը լինի, տանկի անձնակազմը պատրաստ է»,-ասել է սերժանտ տանկիստը: Տանկի մեխանիկ, վարորդ Արթուր Գրեյանն էլ ավելացնում է՝ իրենց առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել են եւ ցանկացած պահի պատրաստ են հրամանը կատարելու:
«Չեմ կարող բառերով նկարագրել, թե այդ պահին ինչ էի զգում»,-ասել է Արթուրը: Դասակի հրամանատար Ռոման Ադամյանն էլ նշել է, որ մարտակա գործողություններին տանկի մի քանի անձնակամեր են մասնակցել, եւ չորս տանկից բացի կարողացել են խոցել նաեւ հակառակորդի գետնատնակները, խրամատները եւ այլ տեխնիկա:
Կենաց-մահու մարտում հակառակորդին, այնուամենայնիվ հաջողվել է շարքից հանել ՊԲ մեկ տանկ: Տանկիստները հպարտությամբ են հիշում մարտադաշտում զոհված ընկերներին, եւ վստահեցնում՝ կորուստը մարտիկի ոգին դարձնում է կարծր:











