Մարտակերտցի Օֆելյա Օհանջանյանի խանութում կրկին սովորական եռուզեռ է:  Վերջին օրերի հրետակոծության ժամանակ տունն ու աշխատավայրը չլքած տիկին Օֆելյայի սիրտը հանգստացել է՝ համաքաղաքացիները տուն են վերադառնում:

«Ամենքս էլ մեր տանն ենք: Հայրենիքը բոլորինս է, մենք պետք է բոլորս միահամուռ պայքարենք: Իմ հայրենիքում ինչի՞ց վախենամ, գնդակը կկպնի, թող կպնի: Մենք պարտավոր ենք պայքարել, եթե փախչենք, պոստում կանգնած  զինվորը չի կարա կանգնի, որ մեզ տեսնում ա, դուխ ա վերցնում»,- ասում է տիկին Օֆելյան, որ վերջին 1 շաբաթում ապրանքների մեծ մասը սահման է ուղարկել, մյուս մասն էլ այժմ պատրաստ է բաժանել համաքաղաքացիներին:

Մարտակերտում, ըստ հաշվարկների, 22 տուն լուրջ վնասներ է կրել, մի քանի տասնյակ տների պատուհանների ապակիներն են կոտրվել:

«600 ընտանիք արդեն վերադարձել է, բոլոր ենթակառուցվածները նորմալ աշխատում են, քաղաքը հոսանքով, գազով ապահովված է, բանկերը նույնպես աշխատում են, կյանքը վերադարձել է նորմալ հունին»,- NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը՝ նշելով, որ երկուշաբթի օրվանից դպրոցում կվերսկսվեն դասերը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը մի քանի օր շարունակ հրետակոծել է նաեւ Մարտակերտ քաղաքը: Քաղաքի վրա մի քանի տասնյակ արկ է ընկել: Առաջին օրը վնասվել է նաեւ գլխավոր գազատար խողովակը, որն անմիջապես վերանորոգվել է: