Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հերթական դիվերսիոն ներթափանցման ժամանակ՝ օրեր առաջ հակառակորդը յոթ զոհ է ունեցել: Այս մասին Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում հայտնել է ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանը:
«Վերջին օրերին թշնամին ագրեսիվ տրամադրված անընդհատ առաջ էր ուզում գալ, ուզում էր փոխել իր սահմանագիծը, սակայն ոնց պետք է պատասխանը տված է: Մեր դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձ է եղել այս օրերին: Վերջին անգամ 30 հոգանոց խումբ էր ուզել անցնել մեր պահվող դիրքի կողմով, վնասներ կրելով հետ են շպրտվել ելման դիրքեր, յոթ հոգի սպանվել է»,-ասել է նա:
Ռոլանդ Այդինյանը նշել է, որ դիրքապահները զգոնությունը երբեք չեն կորցնում:
«Դիտարկումները ժամանակին կատարվում են, սպառազինությունը ունենք, ուշադիր ենք: Ուժեղացված ռեժիմով հետեւում ենք, շուտ էլ նկատում ենք, ոնց պետք է դեմները շուտ առնում ենք: Եթե կանխարգելիչ գործողություններ են պետք լինում, մենք ենք մի քիչ առաջ գնում, իրենց էնտեղ պատժում»,-ասել է նա:
Կրտսեր սերժանտ Գարիկ Ղազարյանն իր հերթին ասել է՝ բարձր ոգով դիմակայել են հակառակորդին եւ նույն ոգով էլ շարունակելու են:
Նշենք, որ Թալիշի դիրքերում NEWS.am-ի նկարահանումների ընթացքում «Կարմիր Խաչ» միջազգային կոմիտեի վերահսկողությամբ իրականացվել է քառօրյա ռազմական գործողություններում զոհված հայ զինծառայողների մարմինների տարհանում: Մեր լրագրողներին, սակայն, թույլ չեն տվել նկարահանումներ անել:











