Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակումից հետո անհետ կորած 18-ամյա շարքային զինծառայող Արթուր Գեւորգյանը նախօրեին հայկական կողմին վերադարձված 18 զոհերի թվում էր։ Բանակ էր զորակոչվել Աբովյան քաղաքից։ Մարտի 31-ի գիշերը սովորականի պես մոր հետ խոսել, բարի գիշեր է մաղթել ու խոստացել առավոտյան կրկին զանգել։

Հակառակորդի հարձակման մասին տեղեկանալուց հետո ծնողներն իրենք են զանգել, բայց զանգն անպատասխան է մնացել։ Տագնապած՝ սկսել են փնտրել ամենուր, մինչեւ Պաշտպանության նախարարությունից ասել են՝ անհետ կորածների թվում է։ «Ամեն տեղ դիմում էինք ու լուր չունեինք։ Հայտնվում էին տարբեր մարդիկ ու վստահեցնում, թե տեսել են նկարներում, ողջ է, ոնց որ ուզում էին մեզ հուսադրեին, ինչ-որ բանով օգտակար լինեին։ Մենք էլ մի կողմից հույս էինք փայփայում, թե կգտնվի, ողջ է, որ չկա զոհերի ցուցակում, մյուս կողմից էլ հուսահատվում։ Արթուրի զոհվելու մասին լուրը էսօր առավոտյան իմացանք, բայց հավատացեք, տասը օր մենք էս նույն տրամադրության ու տագնապի մեջ ենք եղել»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արփինեն։

Ասաց՝ շատ մտերիմ է եղել նրա հետ, երբ բանակ էին տանում, տագնապում էր, թե հանկարծ մի վատ բան չպատահի։ Արփինեն պատմեց, որ Արթուրը կրում էր մոր հորեղբոր որդու անունը, որը նույն ճակատագրին էր արժանացել։ 

Դպրոցի տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու ուսուցիչները նշեցին, որ իրենց դպրոցի սաներից զոհեր ունեցել են 90-ականների կռիվներից։ Տեղում որոշեցին, որ թերեւս մի դասասենյակ կանվանակոչեն հայրենիքի համար զոհված Արթուրի անունով։ «Նա զոհվեց՝ փրկելով մեզ, հայրենիքը։ Առաջին գծում թշնամու դեմ պայքար մղելով զոհվեց․․․ Մեր Արթուրը զուսպ էր խելացի, դաստիարակված»։ Ուսուցչուհիներից մեկը հավելեց՝ նկարելու շնորհ ուներ, նաեւ լավ երգում էր։

Ապրիլի 12-ին նրան կհուղարկավորեն ծննդավայր Աբովյանում։