Երեւանում այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհված սերժանտ, ժամկետային զինծառայող, 20-ամյա Ադամ Սահակյանի հոգեհանգիստը:

Ադամը  ծառայում էր ԼՂՀ-ում՝  Ջրակնի զորամասերից մեկում, 10 ամսից զորացրվելու էր:  Զորամասում է եղել, երբ լսել է թշնամու հարձակման մասին: Երկար չի մտածել, անմիջապես որոշել է բարձրանալ դիրքեր ու կանգնել ընկերների կողքին:

«Ինքը կարանտինի մեջ էր, կանչել էին զորամաս, որ նորեկներին ուչեբկա անցկացներ: Բայց զորամասում մի օր չի մնացել. ծնողներին ասել է՝ ես զորամասում եմ, ամեն ինչ կարգին է, ու բարձրացել էր պոստեր: Ասում են՝ լայնամասշտաբ հարձակում է եղել, տղերքն ինչքան կարողացել կռվել են ու հերոսի մահով ընկել…»,- ասաց Ադամի հորեղբայրը՝ Հովսեփ Սմբատյանը:

Նրա խոսքով՝ Ադամը սպորտի մեծ սիրահար էր, մինչ բանակ զորակոչվելը բռնցքամարտով էր զբաղվում:

«Բռնցքամարտ էր պարապում, որ գնար թուրքի բերանը ջարդեր: Ու ջարդեց»,- ասաց նա:

Ադամը Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող էր, ուսման 2-րդ կուրսից զորակոչվել էր բանակ: Դասախոսներն ու ընկերները նրան հիշում են որպես լուսավոր, հայրենասեր, խելացի մարդու, ով հայրենիքը շենացնելու, կառուցելու իր պլաններն ուներ:

«Դիզայնի ֆակուլտետում էր սովորում, ուզում էր իր հայրենիքում նորը կառուցել, նորը ստեղծել: Վառ անհատականություն էր, նրան միշտ լուսավոր ենք հիշելու, աչքերում` կրակ»,- նշեց Ադամի դասախոսներից Թամարա Սարգսյանը:

Սբ Հովհաննես եկեղեցին, ուր տեղի էր ունենում Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը, այսօր իր հարկի տակ էր հավաքել Ադամի հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու անգամ անծանոթներին: Թաց աչքերով, բայց հպարտությամբ էին խոսում Ադամի մասին բոլորը:

«Լուսավոր տղա էր մեր Ադամը, նրա մեջ սեր կար՝ այնքան մեծ սեր, որ իր կյանքը զոհեց իր ազգի համար: Նա անմահ լույս դարձավ, բարձացավ վերեւ, որ այսուհետ վերեւներից պաշտպանի մեզ ու հսկի մեր խաղաղ քունը: Տա Աստված, որ ամեն մեկն այնքան սեր ունենա իր մեջ, որ կարողանա ազգի շահը բարձր դասել իր անձնական շահից, ինչպես մեր Ադամն արեց»,- ասաց Ադամի մորաքույրը՝ Հասմիկ Հակոբյանը: