«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր` ապրիլի 13-ին, հողին հանձնեցին ղարաբաղա-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 20-ամյա Բագրատ Ալեքսանյանին:

Բագրատը կրտսեր եղբոր հետ ծառայում էր նույն զորամասում` ԼՂՀ-ի Ջրականի շրջանում: Ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 1-ին էր խոսել:

«Ասել էր` մա'մ ջան, պոստերից իջնում ենք, ամեն ինչ կարգին է, ու անջատել էր: Դրանից հետո ծնողները մի քանի օր զանգել էին, անհասանելի էր եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Ալեքսանյանի հորեղբայրը` Վասիլի Բաբայանը:

Նրա խոսքով` մի քանի օր որդուց լուր չունենալով, ծնողները սկսել են անհանգստանալ: Ապրիլի 7-ին որոշել են գնան ԼՂՀ եւ տեղում փորձեն ինչ-որ բան իմանալ: Ապարդյուն:

«Ոչինչ չէին իմացել, ստիպված մի քանի օր սպասել էին Ղարաբաղում,  մինչեւ տեղի էր ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը: Պարզվել էր` զոհվածների մեջ Բագրատն էլ է»,- նշեց Վալերի Բաբայանը:

Բարեկամների խոսքով` Բագրատն այնպես էր կազմակերպել զինվորական հերթափոխը, որ ինքն ու եղբայրը միաժամանակ դիրքեր չբարձրանան. կարծես կանխազգացել էր ինչ-որ բան:

 «Նա առաջինն իր կյանքը զոհեց իր հետ ծառայող եղբոր համար, որ թշնամու գնդակը եղբորը չհասնի: Նա կյանքը զոհեց բոլորիս համար, որ մենք խաղաղ քնենք; Նա հերոս է, ով ոչինչ չխնայեց հայրենիքի համար»,- ասաց Բագրատ Ալեքսանյանի բարեկամուհին` Գոհար Մանուշակյանը: